
Վրաստանի հետ ապագա հարաբերությունները չեն սահմանափակվի միայն Ասոցացման համաձայնագրով. Բառոզու

Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ իրենք ներկա դրությամբ չեն կարող Վրաստանին առաջարկել ԵՄ-ին անդամակցություն, սակայն իրենք առավելագույն մոտ կլինեն դրան:
Բառոզուն ընդգծել է, որ ԵՄ-ի անդամ երկրների որոշմամբ կազմվել է ԵՄ-ի հետագա ընդլայնման պլան, որն առնչվելու է Արևմտյան Բալկաններին, Թուրքիային ու Իսլանդիային. «Վրաստանը ներկա դրությամբ պետք է կենտրոնանա Ասոցացման համաձայնագրի ու խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի վրա:
Հավատում եմ, որ բարեփոխումները, երկիրը բաց ու կայուն ժողովրդավարության վերափոխելը Վրաստանի համար հանդիսանում են լավագույն ուղին՝ ժողովրդավարության համախմբման ու արտաքին ճնշումներից խուսափելու համար:
Վրաստանի հետ ապագա հարաբերությունները չեն սահմանափակվի միայն Ասոցացման համաձայնագրով: Ներկայումս օրակարգում Ասոցացման համաձայնագիրն է, սակայն դա չի նշանակում, թե Վրաստանի հետ մեր ապագա հարաբերությունները սահմանափակվելու են միայն դրանով:
Ինչպես մենք արդեն հայտարարել ենք Ուկրաինային, այդ համաձայնագիրը չի հանդիսանում մեր համագործակցության վերջնակետը»: Բառոզուն հունիսի 12-13-ին գտնվելու է Վրաստանում: