ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները, քանի որ Հայաստանին պաշտպանելու միաձայն դիրքորոշում չկա. 1in.am

ՀԱՊԿ-ում Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու միաձայն դիրքորոշում չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն` անդրադառնալով հարցին, թե ինչ պարտավորություններ ունեն ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի առջև, երբ Հայաստանը ենթարկվում է ռազմական ագրեսիայի Ադրբեջանի կողմից:

Լիլիթ Գևորգյանն ասել է, որ ՀԱՊԿ-ն ունի որոշակի պարտավորություններ Հայաստանի առջև, քանի որ ՀԱՊԿ-ի հիմնադրույթներից մեկը, ինչպես ՆԱՏՕ-ի հիմնադրույթներից մեկն է ասում, ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ երրորդ երկրի ագրեսիայի, հարձակման դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները պետք է պաշտպանեն իրենց անդամ երկրին, այս դեպքում՝ Հայաստանին, քանի որ Ադրբեջանը այդ կազմակերպության անդամ չէ: Ուստի, նրա համոզմամբ, այս հիմնարար սկզբունքից ելնելով՝ ՌԴ-ն, ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասին պետք է քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելով Հայաստանի անվտանգությունը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին, որոշ պաշտպանական միջոցառումներ կարող են կազմակերպվել Ռուսաստանի կողմից, քանի որ կա երկկողմ ռազմական համագործակցություն, ավելին՝ Հայաստանը հյուրընկալում է ռուսական ռազմական բազան: Բայց երկկողմ հարաբերությունների շրջանակներում քայլեր ձեռնարկելն ավելի դժվար է: Իմ կարծիքով, ավելի հեշտ է, եթե քայլ ձեռնարկվեն, ապա ձեռնարկվեն ՀԱՊԿ-ի սահմաններում: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախ պետք է միաձայն որոշում լինի կազմակերպության սահմաններում նման քայլ ձեռնարկելու համար և բացի դրանից քաղաքական կամք է պետք, որը մինչև հիմա Ռուսաստանը կամ Ղազախստանը ցույց չեն տվել Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանն արդեն ներգրավված է Մինսկի խմբի ձևաչափում, նախընտրում է պահել այս հակամարտությունն ու իր ներգրավվածությունը հակամարտության լուծման հարցում խմբի սահմաններում: Բացի դրանից, Ռուսաստանը միշտ էլ փորձել է վարել գազարի և փայտի քաղաքականություն թե Հայաստանի, թե Ադրբեջանի նկատմամբ, փորձում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքական հարաբերություններ ունենալ երկու երկրների հետ, ու ԼՂ հակամարտությունը շատ հարմար լծակ է երկու երկրների նկատմամբ»,- ասել է փորձագետը՝ շարունակելով, որ նույն կերպ ՆԱՏՕ անդամ որոշ արևելյան երկրներ կցանկանային՝ ուկրաինական ճգնաժամի ընթացքում առավել մեծ արձագանք լիներ ՆԱՏՕ-ի կողմից, բայց չեղավ, որովհետև երկրները, թեև ունեն կշիռ, այդքան ազդեցիկ չեն, որպեսզի ամբողջ կազմակերպությունը նման քայլ ձեռնարկի: Նույնն, ըստ Լիլիթ Գևորգյանի, Հայաստանի դեպքում է, առավել ևս, երբ Հայաստանը թույլ վիճակում է: Բայց միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է վտանգավոր դառնալ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս