Հոգեբանը` արտագաղթի մասին. Մարդիկ գնում են հիասթափված, խռոված
«Ես համարում եմ, որ այսօր Հայաստանի, մեր ազգի, պետության առջև կանգնած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է արտագաղթը, որն ուղղակի չտեսնելու տալ չի կարելի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Միաժամանակ նա նշեց, որ միշտ էլ մարդկությանը բնորոշ է եղել տեղաշարժը, և «ինչքան քաղաքակրթությունն առաջ է գնացել, այդքան ավելի շատացել են տեղաշարժերը»: «1990-ական թվականներից մենք ներկա եղանք այն փաստին, որ մեր օդանավակայանը Երևանի ամենատխուր վայրերից մեկն էր դարձել»,- ասում է նա:
Խոսելով արտագաղթի պատճառների մասին՝ հոգեբանն ասաց. «Ամենաառաջին պատճառն, իհարկե, սոցիալ-տնտեսական վիճակն է` աղքատության խնդիրը, որն այդպես էլ չի հաղթահարվում: Բայց ականատես ենք նաև այն բանին, որ հեռանում են նյութապես բավականին ապահովված մարդիկ: Այստեղ խնդիրը շատ խորքային է: Սա մեծագույն դրամա է` հեռանալ մի վայրից, որը դու սիրում ես, քեզ հարազատ է, գնալ անորոշություն, որտեղ իսկապես հարմարվելու դժվարություններ ունենում են նաև շատ ոգևորված գնացողները»:
Հոգեբանի կարծիքով` այնտեղ, որտեղ ապրում է մարդը, նա պետք է իրեն զգա հոգեբանորեն հարմարավետ վիճակում. «Եթե ինչ-որ մի տեղ մենք մեզ հարմարավետ չենք զգում, ապա առաջին հակազդումներից մեկը փախուստի հակազդումն է, և սա նորմալ է, մարդկային է: Բայց երբեմն մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկն իրեն պիտի որ հարմարավետ զգա, կարիքը չի խեղդում, ընդհակառակը՝ որոշակի բարեկեցության մակարդակ կա, այստեղ արդեն խնդրի ավելի անհանգստացնող կողմն է` հոգեբանորեն սեփական ազգից, սեփական պետությունից օտարված լինելու զգացողությունն է: Այսինքն` ազգային ինքնագիտակցության այնպիսի թույլ վիճակը, որ իր համար բացարձակապես նշանակություն չունի, որ կա հայրենիք, հարազատ միջավայր, որտեղ ապրելը միշտ մարդկանց համար հարմարավետ է: Այսինքն` նաև հեռանում են՝ հոգեբանորեն սեփական ազգից, էթնոսից օտարված լինելով»:
Հարցին, թե վերջին տարիներին Հայաստանի բնակչությունն արտագաղթում է սոցիալական պայմանների՞ պատճառով, թե՞ այսօրվա իշխանությունների անարդարությունների, հոգեբանը պատասխանեց. «Դիտումները ցույց են տալիս, որ ինչքան ավելի առաջ ենք գնում, այդքան ավելի մարդիկ գնում են մի տեսակ խռոված լինելու զգացողությամբ: Այսինքն` եթե կար ժամանակ, որ ավելի շատ էր կենսապահովման հարցը, քանի գնում է, ես տեսնում եմ, որ մարդիկ գնում են հիասթափված և սպասելիքներ չունենալու պատճառով»:
Կ. Նալչաջյանը նշեց, որ պետք է արժանապատիվ ապրելու համար ստեղծվեն պայմաններ. «Եթե մենք միայն մեր հույսը դնենք նվիրյալների վրա, բացառիկ հայրենասիրական կատեգորիային պատկանող մարդկանց վրա, ցանկացած ազգում այդ շերտը շատ քիչ է: Մարդիկ հիմնականում միջին զգացողություններ ունեցող մարդիկ են: Մենք քիչ ենք, և նույնիսկ մեկ մարդն ազգային հարստություն է»: