Ղարաբաղը՝ Եվրասիակա՞ն, թե՞ Եվրոպական միության կազմում. կորոշի Ադրբեջանը

Այս և հաջորդ շաբաթներին Ադրբեջան են այցելելու ռուսական և եվրոպական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախ՝ Բաքու է մեկնելու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Դրանից օրեր անց Ադրբեջան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ապա՝ ռուսական մեծ պատվիրակություն՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ: Ռուսական ու եվրոպական թերթերը՝ գրում, փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ խոսում են այն մասին, որ ներկայումս Արևմուտքի ու Ռուսաստանի միջև պայքար է ընթանում Ադրբեջանի համար: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի Ադրբեջանն անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, Արևմուտքը՝ որպես նվազագույն նպատակ, ամեն կերպ փորձում է կանխել դա, հնարավորության դեպքում՝ հասնել Ադրբեջանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Դատելով Ադրբեջանի ուղղությամբ վերջին շրջանում թե՛ ռուսական, թե՛ արևմտյան կողմից հղվող հայտարարություններից, երկու կողմերն էլ մեծ հաշվով պատրաստ են «վճարել» Ադրբեջանին՝ իրենց ցանկացած ընտրությունը կատարելու համար: Ադրբեջանն այս ընթացքում գրեթե հավասարապես խաղում է և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, բնականաբար, բարձրացնելով իր գինը: Երկու կողմերի համար էլ: Իսկ ո՞րն է Ադրբեջանի համար ամենացանկալի «վճարը», որն այն կարող է ստանալ աշխարհաքաղաքական երկու բևեռներից մեկն ընտրելու համար: Բնականաբար, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղը: Ադրբեջանին «գին առաջարկողներն» էլ դա հրաշալի գիտեն և, եթե շարունակում են առևտուրը, նշանակում է՝ պատրաստ են նաև Ադրբեջանի որոշման համար վճարել Լեռնային Ղարաբաղով:

Այսինքն՝ Ադրբեջանն այսօր հայտնվել է երկուստեք շահեկան վիճակում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դիմաց կարող է արդեն իրեն որպես ռազմավարական դաշնակից ներկայացնող Ռուսաստանի, ոչ միայն ռազմավարական, այլ նաև ընկերական հարաբերություններ ունեցող Ղազախստանի ու Բելառուսի նախագահներին պայման առաջադրել՝ «կանդամագրվեմ Լեռնային Ղարաբաղով»: Եթե որևէ մեկը կասկածում է, թե ինչպիսին կլինի մեր եվրասիական բարեկամների պատասխանն Ալիևի պայմանին, առաջարկում ենք վերընթերցել Աստանայում Նազարբաևի ընթերցած նամակը և վերհիշել նույն Աստանայում Պուտինի ու Լուկաշենկոյի դեմքի՝ հավանության արժանացնող արտահայտությունները: Այսինքն՝ ցանկության դեպքում Ադրբեջանը կարող է անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը՝ Լեռնային Ղարաբաղով:

«Ինչպե՞ս» հարցն արդեն տեխնիկական լուծումների հարթությունում է գտնվում: Ինչպես կասեն Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն: Հայաստանին: Իսկ մյուս հարցը՝ այդ դեպքում ինչո՞ւ Ալիևն ունենալով նման հնարավորություն՝ չի շտապում օր առաջ անդամագրվել Եվրասիական միությանը՝ ըստ էության, այդպիսով Ղարաբաղը դարձնելով իրենը, արդեն քաղաքական հարթության հարց է:

Դրա պատասխանը գտնվում է մեզ համար շատ ավելի անբարենպաստ տիրույթում. եթե Ադրբեջանը չի շտապում, նշանակում է՝ մյուս կողմը, որի հետ գտնվում է առևտրի մեջ, կամ ավելին է առաջարկում, կամ հասկացնում է, որ պատրաստ է ավելիին: Թե ինչպիսի՞ ձևակերպումներով, կրկին դետալային հարց է, որովհետև այս մյուս առաջարկի՝ արևմտյանի բովանդակությունը կարող է լինել ավելի գայթակղիչ: Այն իմաստով, որ եթե Ադրբեջանի եվրասիականացումն աշխարհը կարող է չճանաչել, այսինքն՝ չճանաչել նաև Մոսկվայի ու Աստանայի միջոցով Ղարաբաղի վերաբռնակցումն Ադրբեջանին, ապա եվրոպականացման դիմաց կարող են տրվել նաև Ղարաբաղի հարցի ադրբեջանական լուծման լեգիտիմացման խոստումներ: Համաշխարհային լեգիտիմացման:

Սա կոչվում է արտաքին քաղաքականություն, որով մեր թշնամի երկիրը զբաղվում է: Ի տարբերություն մեր իշխանությունների, որոնց զբաղվածի արդյունքում է նաև թշնամի երկիրը նման արտաքին քաղաքականություն իրականացնելու խաղաքարտեր ստացել: Խաղաքարտեր, որոնցով խաղն Ադրբեջանի համար, ըստ էության, դարձել է երաշխավորված ելքով խաղ: Որովհետև երկու տարբերակների ընտրությունն էլ նրա համար կարող է ապահովել նույն «շահումը»՝ Լեռնային Ղարաբաղը: Ի տարբերություն Հայաստանի, որի համար այս խաղը՝ իր կողմից չխաղացվող խաղը, երաշխավորված զրոյական ելքով խաղ է, որի պարտությունը հավասար է լինելու Ադրբեջանի հաղթանակին: Խաղ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը գրեթե հավասար հնարավորություններ ունի հայտնվելու ինչպես՝ Եվրասիական, այնպես էլ՝ Եվրոպական միությունում: Ադրբեջանի հետ:

Սա ցավալի է, բայց իրողություն: Կարելի է դրա մասին չխոսել, չգրել, անգամ չմտածել: Բայց դրանից հաստատ Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգը չի նվազելու: ՀՀ իշխանությունը տևական, հետևողական քաղաքականության արդյունքում իրավիճակը հասցրել է մի կետի, որ վտանգի տակ է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը: Բայց պետության համար սա վտանգ լինելով՝ իշխանությունների համար նաև որոշակի հնարավորություն է: Ղարաբաղը կորցնելուց հետո նրանք կհայտարարեն, որ միայն իրենց հերոսական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նաև Հայաստանը կորցնելուց: Այնպես որ, կեցցեն Հայաստանի իշխանությունները:

Հ.Գ. 2014 թվականի ապրիլի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստացել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի)՝ МГИМО-ի պատվավոր դոկտորի կոչում: Պատվավոր այդ կոչմանն արժանացնելու հանդիսավոր արարողության ժամանակ բուհի ռեկտոր Անատոլի Տորկունովը՝ ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարին պատվո դոկտորի կոչում շնորհելու մասին Գիտական խորհրդի որոշումը, նշել է, որ այն կայացվել է՝ հաշվի առնելով միջազգային համագործակցության զարգացման, խաղաղության, միջազգային անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում Էդվարդ Նալբանդյանի ակնառու ներդրումը:

«Կարծես դա եղել է վերջերս, բայց իրականում արդեն 40 տարուց ավելի է անցել, երբ ես ընդունվեցի ինստիտուտ։ Ես հպարտ եմ, որ ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, որ միջազգայնագետների պատրաստման ոլորտում աշխարհի լավագույն կրթօջախներից է։ Այս կոչումը ես ընդունում եմ նաև՝ որպես հարգանքի տուրք համալսարանի բոլոր հայ շրջանավարտներին, որոնք այստեղ ստացած գիտելիքները ներ են դրել իրենց Հայրենիքին ծառայելու, նրա շահերը պաշտպանելու և առաջ մղելու գործում»,- շնորհակալություն հայտնելով կոչման համար՝ հայտարարել է այդ բուհի շրջանավարտ, ՀՀ արտգործնախարար (՞) Էդվարդ Նալբանդյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ավարտել է նույն МГИМО-ն, այնուհետև՝ նույն բուհի ասպիրանտուրան, որից հետո դասավանդել է նույն այս հաստատությունում, որի պատվավոր դոկտորի կոչմանն է արժանացել Էդվարդ Նալբանդյանը: Մեկնաբանությունները թողնում ենք… Սերգեյ Լավրովին:

Տեսանյութեր

Լրահոս