
Գարիբաշվիլին նախկին իշխանություններին մեղադրել է 4.5 միլիարդ դոլարի օգնությունը ոչ նպատակային ծախսելու մեջ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ երեկոյան Բաթումիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին չպետք է մնա նախկին իշխանության՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության որևէ ներկայացուցիչ.
«Բոլորին հայտնի է, որ մեզ բաժին է ընկել ծանր ժառանգություն: Նախկին իշխանությունները ոչ նպատակային ձևով ծախսել են 4.5 միլիարդ դոլար, որը Վրաստանը ստացել է որպես օգնություն 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Մենք բոլորս գիտենք, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները՝ պալատների կառուցման ու մեկ մարդու (Սաակաշվիլի) քմահաճույքների վրա:
Իսկ վրաց ժողովրդին մշտապես հայտարարել են, որ երկիրը վերածնվում է ու բարգավաճում: Այսօր էլ են ասում նույնը՝ շարունակելով ստել: Իսկ եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ է ժողովուրդը գտնվում նման ծանր իրավիճակում:
Հենց դրա համար էլ ժողովուրդը կայացրեց «Միասնական ազգային շարժման» դատավճիռը և 2012 թվականի հոկտեմբերին նրան հեռացրեց իշխանությունից»: Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի բնակչությունը վերստին վստահություն կհայտնի «Վրացական երազանք» դաշինքին:
Վրաստանում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են հունիսի 15-ին: