Հրապարակվել է աշխարհի ամենահզոր բանակների վարկանիշային ցուցակը
«Global Firepower» պարբերականը կազմել է աշխարհի ամենահզոր եւ ուժեղ բանակների վարկանիշային ցուցակը, հաղորդում է delfi.ee-ն: Այն կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, այդ թվում` զինծառայողների թվաքանակը, ռազմավարական ակտիվներ մուտքի հնարավորությունը եւ այլն: Միաժամանակ` հաշվի չի առնվել միջուկային զենքի առկայության հանգամանքը:
1.ԱՄՆ
Պաշտպանական բյուջեն կազմում է 612,5 մլրդ դոլար: Արդյունքում ԱՄՆ –ի պաշտպանական բյուջեն գերազանցում է վարկանիշային ցուցակում ընդգրկված մնացած երկրների բյուջեն` միասին վերցված: ԱՄՆ-ի ամենամեծ առավելությունը ավիակիրների տորմիղն է: Զինվորական անձնակազմի թվաքանակը կազմում է շուրջ 1,43 մլն, կադրային ռեզերվում ընդգրկվածների թիվը` 850 հազար:
2.Ռուսաստան
Ռազմական ծախսերը, 2008 թ. համեմատ ավելացել են գրեթե մեկ երրորդով եւ ներկայումս կազմում են 76,6 մլրդ դոլար: Զինվորական անձնակազմի թվաքանակը 766 հազար է կազմում, կադրային ռեզերվը` 2,485 մլն մարդ: Ռուսական բանակն աշխարհում առաջինն է տանկային հզորություններով` 15,5 հազար միավոր տանկով:
3.Չինաստան
Չինաստանը նույնպես ավելացնում է ռազմական ծախսերը: Անցած տարի ծախսերն ավելացվել են 12,2%-ով եւ կազմում են 126 մլրդ դոլար, սակայն ոչ պաշտոնական ծախսերը կարող են ավելին լինել: Անձնակազմի թվաքանակը
2,285 մլն է, եւս 2,3 միլիոնը գտնվում է ռեզերվում: Ըստ որոշ տվյալների` Չինաստանը ակտիվորեն օգտվում է արդյունաբերական եւ ռազմական շպիոնաժից, ինչն օգնում է ստեղծել արտասահմանյան ռազմական տեխնիկայի նմանօրինակները:
4.Հնդկաստան
Հնդկաստանը ներկայումս պաշտպանության համար ծախսում է 46 մլրդ դոլար, եւ բյուջեն աճելու միտում ունի: Երկիրը համարվում է ռազմական արտադրանքի խոշոր ներկրողներից: Հնդկական բանակն ունի մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թիրախներ ոչնչացնել Պակիստանում եւ Չինաստանի մեծ մասում: Զինվորական անձնակազմի ընդհանուր թվաքանակը 1,33 մլն է, կադրային ռեզերվը` 2,14 մլն:
5.Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիան ծրագրում է իր ռազմական ծախսերը մինչեւ 2018թ-ը կրճատել 20% -ով: Պաշտպանական բյուջեն կազմում է 54 մլրդ դոլար: Չնայած նման մտադրությանը, ըստ որոշ վերլուծաբանների, Մեծ Բրիտանիան կարող է առավելություններ ունենալ որպես ռազմական գերտերություն` նոր տեխնիկայի, այդ թվում` HMS Queen Elizabeth ավիակիրի շնորհիվ: Անձնակազմի ընդհանուր թվաքանակը 205,3 հազար է, ռեզերվինը` 188 հազար:
6.Ֆրանսիա
Ֆրանսիան նույնպես կրճատում է ռազմական ծախսերը, ներկայումս պաշտպանական բյուջեն կազմում է 43 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 1,9%-ը: Կրճատումները չեն խանգարում, որ նա մասնակցի միջազգային ռազմական գործողություններին:
7. Գերմանիա
Գերմանիայի ռազմական հզորությունները զիջում են աշխարհում նրա տնտեսական հզորություններին: Պաշտպանական բյուջեն կազմում է 45 մլրդ դոլար: Անձնակազմի ընդհանուր թվաքանակը 183 հազար է, ռեզերվինը` 145 հազար: Պարտադիր զինծառայության համակարգը 2011 թ-ին չեղյալ է համարվել` հօգուտ պրոֆեսիոնալ բանակի:
8. Թուրքիա
Այս երկիրն ավելացնում է ռազմական ծախսերը եւ այս տարի նախորդի համեմատ բյուջեն կավելանա 9,4%-ով` կազմելով 18,2 մլրդ դոլար: ՆԱՏՕ-ին անդամակցությունը նրան թույլ է տալիս միջազգային մի շարք գործողությունների մասնակցել:
9. Հարավային Կորեա
Հարավային Կորեան եւս հակված է ավելացնել պաշտպանական բյուջեն, որը ներկայումս կազմում է 34 մլրդ դոլար: Նրա ռազմական հզորությունը անհամատեղելի է երկրի փոքր չափերի հետ: Ընդհանուր անձնակազմի թվաքանակը
640 հազար է, ռեզերվինը` 2,9 միլիոն:
10. Ճապոնիա
Չինաստանի հետ տարածքային վեճերը Ճապոնիային ստիպել են ավելացնել ռազմական ծախսերը: Տարեկան բյուջեն կազմում է 49,1 մլրդ դոլար: Տեխնիկապես լավ հագեցած բանակ ունի` ընդհանուր 247 հազար անձնակազմով, եւս 57,9 հազարը ռեզերվում է: