Եվրոպական երկրները ռազմավարական սխալ են գործել՝ որպես դաշնակից ընտրելով ԱՄՆ-ը. Խամենեի
Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ երեկոյան ելույթ է ունեցել ժամանակակից Իրանի խորհրդանիշ, 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնու մահվան 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառման ժամանակ:
Խամենեին հայտարարել է, որ եվրոպական երկրները ռազմավարական սխալ են գործել՝ որպես դաշնակից ընտրելով ԱՄՆ-ը. «Եվրոպայի երկրները ներկայումս համատեղ շահեր ունեն ԱՄՆ-ի հետ, սակայն նրանք պետք է սպասեն այն օրվան, երբ Ամերիկան կհարվածի թիկունքից: Եվրոպան ռազմավարական սխալ է գործել՝ որպես դաշնակից վերցնելով Վաշինգտոնին և իրեն դնելով նրա շահերի սպասարկման տակ»:
Խամենեին իր հայրենակիցներին կոչ է արել չվախենալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայից. «Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ը չի համարձակվի գնալ ռազմական ուղիղ ագրեսիայի այն կորուստներից հետո, որոնք նա կրեց Աֆղանստանում ու Իրաքում: Իրանը ներկայումս վերապրում է իր ողջ պատմության ընթացքում արտաքին դիմակայության ամենաբարդ փուլերից մեկը»:
Խամենեիի ելույթը համընկել է Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև փորձագետների մակարդակով հանդիպման սկսվելու հետ: