
Աշխարհում ամենաագրեսիվ ու ամենակոշտ քաղաքականությունը վարում է ԱՄՆ-ը. Պուտին

Ֆրանսիական TF1 հեռուստաալիքին ու Europe1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ.
«Ես հիմքեր չունեմ՝ ենթադրելու համար, որ Օբաման չի ցանկանում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Սակայն վերջիվերջո դա նրա ընտրությունն է: Ես մշտապես պատրաստ եմ երկխոսության:
Բոլոր երկրների թվում հենց ԱՄՆ-ն է վարում ամենաագրեսիվ ու ամենակոշտ քաղաքակությունը: Մենք ռազմական ուժ գրեթե չունենք արտասահմանում: Տեսե՛ք, աշխարհում ամենուրեք ամերիկյան բազաներն են: Ամերիկյան ուժերը գտնվում նաև իրենց սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա»:
Սրանից առաջ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով փոխխորհրդական Բեն Ռհոդսը չէր բացառել, որ հունիսի 6-ին Օբաման Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակի տոնման շրջանակներում կարող է շփվել Պուտինի հետ, սակայն պաշտոնական հանդիպում պլանավորված չէ: Օբաման նույնպես երեկ չի բացառել Պուտինի հետ շփումը: