
Օբաման Պորոշենկոյին խոստացել է 5 միլիոն դոլարի ոչ մահաբեր ռազմական օգնություն

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համարում է, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյոտր Պորոշենկոյի ընտրությունը հանդիսացել է բարդ ժամանակաշրջանում գտնվող Ուկրաինայի իմաստուն ընտրությունը:
Օբաման այս մասին հայտարարել է Վարշավայում Պորոշենկոյի հետ երկկողմ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում: Օբաման հայտնել է, որ Պորոշենկոյի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղության ու նրա տնտեսության վերականգնման պլանը: Քննարկվել է նաև Մոսկվայից Կիևի էներգոկախվածության նվազեցման հարցը:
Օբաման ընդգծել է, որ Բրյուսելում G7-ի այսօրվա հանդիպումը կդառնա միջազգային հանրության կողմից Պորոշենկոյին աջակցելու կարևոր ցուցադրություն: Օբաման միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Պորոշենկոյին, այդ թվում նաև ուկրաինացի զինվորականներին նախապատրաստելու տեսքով: Օբաման Ուկրաինայի ռազմական կառույցներին խոստացել է 5 միլիոն դոլարի զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր ու կապի միջոցներ: