ՕԵԿ-ը փորձում է իրավական խառնաշփոթ մտցնել կուտակային կենսաթոշակների համակարգի հետ կապված
ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը փորձում են իրավական խառնաշփոթ մտցնել կուտակային կենսաթոշակների համակարգի հետ կապված: Պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Պատգամավորներ հարկ չեն համարել անդրադառնալ կուտակայինի ողջ փաթեթին, հարակից իրավական ակտերին և այլն:
Ներկայումս ընդդիմադիրներ դաշտ անցած պատգամավորների առաջարկն իր էությամբ անհեթեթ է և, կարծես, պարզապես իրենց մասին հիշեցնելու փորձ է: Խնդիրն այն է, որ ՍԴ ապրիլի 2-ի որոշմամբ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթները իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով մինչև 2014 թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվեն նշված որոշման պահանջներին, իսկ մայիսի 15-ին Ազգային ժողովն ընդունել է կուտակայինի վերաբերյալ միջանկյալ օրենքը: Միաժամանակ կառավարությունում մշակում է կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական իրականացմանը միտված օրենքների նախագծերի փաթեթը:
Ընդ որում՝ ՕԵԿ-ականների ներկայացրած օրինագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, մասնավորապես, վերնագիրը չի համապատասխանում նախագծի բովանդակությանը, նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է. «…կենսաթոշակային համակարգի և կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի կառուցվածքը», մինչդեռ օրենքը վերաբերվելու է միայն կենսաթոշակային համակարգի կամավոր կուտակային բաղադրիչին, առաջարկվում է վերանայել (հետաձգել) արդեն իսկ ուժի մեջ մտած (գործող) օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչը իրավական տեսանկյունից անթույլատրելի է:
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է բացասական կարծիք տալ ՕԵԿ-ական պատգամավորների առաջարկին՝ հիմնավորելով, որ նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ: