Նրանք կրվեցին Հայաստանը

Անցած շաբաթ տեղի ունեցան առաջին հայացքից՝ երկու՝ իրար հետ կապ չունեցող, իրականում՝ օրգանապես կապված իրադարձություններ: Նշանակությամբ ու վտանգավորությամբ տարբեր, բայց իրար փոխլրացնող, այսինքն՝ վտանգավորությունը կրկնակի դարձնող: Մեկը տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաքում, մյուսը՝ Հայաստանի: Մեկը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Եվրասիական միության հիմնադիր երկրների նախագահների, մյուսը՝ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, ԱԺ ոչ իշխանական պատգամավորների նիստում: Երկուսին էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չէր մասնակցում: Աստանայում՝ քաղաքականապես, Երևանում՝ ֆիզիկապես:

Չնայած երկու նիստերն էլ գումարել էին քառյակները, մեկը՝ հրաշալի, մյուսը՝ եվրասիական: Այս իրադարձությունները, առաջին հերթին, կապված էին նրանով, որ երևանյան նիստն իրականում «ապահովում» էր Աստանայում Սերժ Սարգսյանի «չմասնակցությունը»: Որովհետև երևանյան քառյակն իր նիստում կայացրեց որոշում, որը չէր կայացնի, եթե Սերժ Սարգսյանն իրականում մասնակցեր մյուս՝ եվրասիական քառյակի նիստին: Իսկ այդ որոշումն այն մասին է, որ քառյակը մինչև աշուն հետաձգում է նախապես հայտարարված հանրահավաքը: Որովհետև Սերժ Սարգսյանն Աստանայում չպատասխանեց Նազարբաևին, իմա՝ Պուտինին: Եթե պատասխաներ, այսինքն՝ փորձեր օգտագործել առիթը, որն իրականում սպառնալիք է՝ այդ միությանը Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու համար, քառյակը, չպետք է կասկածել, հանրահավաք կաներ նույն օրն իսկ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մատույցներում կամ Գրիգոր Լուսավորչի պողոտայում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Ի պաշտպանություն Ռուսաստանի շահերի, բնականաբար: Իսկ դրանք պետք է պաշտպանել բոլոր նրանցից, ովքեր կհամարձակվեն կասկածի տակ դնել մեր ռազմավարական եղբոր շահերը: Գիտե՞ր արդյոք Սերժ Սարգսյանը քառյակի որոշման մասին նախապես, թե՞ կարող էր կռահել, դժվար է ասել: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը տիրապետում է Հայաստանի ներքաղաքական կյանքի շարժիչ ուժերին, որոնք ամենևին ներքին չեն ու ամբողջությամբ արտաքին են, նա չէր կարող չհաշվարկել, որ եթե որևէ կերպ կասկածի տակ դներ Հայաստանի եվրասիականացումը, քառյակը միտինգավոր մասսաներով կլցներ ոչ միայն Ազատության, այլև Հանրապետության, Մյասնիկյանի ու մյուս բոլոր հրապարակները:

Հաշվարկել է, դրա համար էլ Նազարբաևին չի պատասխանել: Որովհետև վստահաբար հաշվարկել է նաև, որ Նազարբաևին պատասխանելը կնշանակեր՝ պատասխանել Պուտինին: Իսկ դա կնշանակեր՝ ամառային հանգստից զրկել Հայաստանի ոչ միայն բազմաչարչար իշխանություններին, այլ նաև ավելի բազմաչարչար ոչ իշխանականներին: Դա էլ իր հերթին՝ կնշանակեր վնասել համաշխարհային համախառն արդյունքի աճին, քանի որ ոչ իշխանականները կմնային Երևանում՝ հանրահավաքներին մասնակցելու համար, իշխանության ներկայացուցիչները ևս ստիպված կլինեին մնալ՝ հանրահավաքներից պաշտպանվելու նպատակով: Կմնային ու չէին գնա Դուբայ ու Մոնակո ու չէին ավելացնի այդ և այլ հանգստավայրերի բյուջեները: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը Նազարբաևին չի պատասխանել ոչ թե՝ նրան ու նրա ընկերներին չնեղացնելու, այլ համաշխարհային տնտեսությանը վնաս չհասցնելու ազնիվ մղումներից ելնելով: Չէ՞ որ Հայաստանը ևս կախված է համաշխարհային տնտեսական զարգացումներից:

Հանրահավաքները վաղուց Հայաստանում վերածվել են առևտրային գործարքի բաղադրիչի: Կամ աճուրդային լոտի: Կամ խաղադրույքի «ֆիշկայի»: Հատկապես, որ Հայաստանում այլևս կազինո ունի միայն քառյակի տերը՝ Գագիկ Ծառուկյանը: Ասում ես՝ հանրահավաք, ու մտնում ես խաղի մեջ: Այդպես էր անցած տարի, նույնն է նաև հիմա: Եթե հիշում եք, Հայ ազգային Կոնգրեսն անցած տարվա գարնանից այնպես էր ազդարարում հուժկու հանրահավաքների մասին, որ կարող էր թվալ՝ ուր որ է՝ ՀԱԿ-ը կսրբի-կտանի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Վրաստանի ու Աբխազիայի իշխանություններին:

ՀԱԿ-ը հանրահավաքների մասին ավելի բարձր ու ավելի սարսափազդու հայտարարում էր անցած տարվա ամռանն ու աշնան սկզբին, երբ Հայաստանը պատրաստվում էր նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ու որքան մոտենում էր նախաստորագրման ժամկետը, ՀԱԿ-ն ավելի ուժգին էր հայտարարում հանրահավաքների մասին: Արդյունքում՝ տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ը, ինչից հետո ՀԱԿ-ը հարևանցիորեն մոռացավ հանրահավաքների խոստում-սպառնալիքների մասին ու նույնքան իմիջիայլոց Սերժ Սարգսյանի իմփիչմենթի պահանջը փոխարինեց կառավարության հրաժարականի պահանջով:
Սակայն դա, ինչպես ասում են, վաղուց էր և սխալ: Հիմա ՀԱԿ-ն անգամ Վիճծառայության ղեկավարի հրաժարականը չի պահանջում: Որովհետև Հայաստանը մտնում է Եվրասիական միություն: Ղարաբաղով կամ առանց Ղարաբաղի, ՀԱԿ-ի համար էական չէ: Ինչպես էական չէ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու մասամբ՝ «Ժառանգության» համար:

Իսկ աշնանը քառյակը, վստահաբար, հանրահավաքներ կանի: Չի կարելի թույլ տալ, որ հանկարծ իշխանության ու քառյակի վերահսկողությունից դուրս գտնվող որևէ ուժի մտքով անցնի իրական հանրահավաքներ անցկացնել:

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ

Տեսանյութեր

Լրահոս