«Համաշխարհային պրակտիկայում և՛ թանկացում է լինում, և՛ էժանացում, իսկ մեզ մոտ մենակ թանկացում»
Որոշ մասնագետների կարծիքով՝ ալյուրի թանակցումը չունի իրական հիմքեր: Հայաստանի ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը վերջերս նշել էր, որ գործարարներն արհեստականորեն սկսել են գները բարձրացնել: Ըստ նրա՝ ալյուրը անհիմն է թանկացել, քանի որ Հայաստանը ունի մեծ քանակությամբ պահեստավորված ցորեն: 168.am-ի հետ զրույցում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ այդ երևույթները միշտ կան, և դա կոմերցիոն աշխարհի մութ կողմերն են. «Դրանք միշտ էլ կան ու կլինեն: Մեզ մոտ վերահսողություն չկա:
Նախ, մեր գները պետք է արտացոլեն համաշխարհային գները, մոզ մոտ չի արտացոլվում: Երբեմն նույնիսկ հակառակն է լինում՝ աշխարհում էժանանում է, մեզ մոտ՝ թանկանում: Համաշխարհային պրակտիկայում և՛ թանկացում է լինում, և՛ էժանացում: Իսկ մեզ մոտ մենակ թանակցում: Երբեմն Ֆրանկֆուրտի բորսայում (որտեղ որոշվում են ցորենի գները) էժանացում է գնում, իսկ մեզ մոտ չի լինում»: Ա. Պողոսյանը համոզված է՝ մեզ մոտ վերահսկողությունը լավ չի աշխատում. «Իսկ վերահսկողության մարմինը կոչվում է Տնտեական մրցակցության պետական հանձնաժողով: Բացի այդ՝ մեր նախագահն ունի իր վերահսկողության ծառայությունը, վարչապետը նույնպես ունի, բայց ամնաբարձրը հասարակական վերահսկողությունն է: Մենք բազմաթիվ անգամ առաջարկ ենք արել այդ մախինացիաների շղթան պատժելու ձևի մասին:
Իսկ պատժելու ձևը մեկն է. ոչ միայն՝ ով բերեց, ինչքան բերեց և ինչ գնով, այլ՝ վերցնում ենք հացը, հանձնում ենք լաբորատորիա, մեկ օր հետո ստանում ենք պատասխանը, թե այդ հացի մեջ որքանով են ճշգրիտ համադրությունները: Կպարզվի, թե ինչքան է կեղծված, կհամեմատենք քաշն իր նորմատիվի՝ ապրանքագրի հետ, ու կբացահայտվի՝ ինչքանն է կեղծված: Այ այդ կեղծումն է, որ մեզ վրա այդքան թանկ է նստում: Սա մեծ աշխատանք է, և մենակ այն չէ ճանապարհը, որ ես ասացի, բայց սա ճշգրիտ ցույց կտա: Ես կարծում եմ՝ մենք մինչև 30%-ի կեղծ գնագոյացում կբացահայտենք այդ եղանակով»: