Արամ Կարապետյան. Սերժ Սարգսյանը շատ ճիշտ արեց, որ չպատասխանեց

Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ

– Պարոն Կարապետյան, Աստանայի նիստում Ղազախստանի նախագահի բանավոր դիմումը Սերժ Սարգսյանին շարունակվում է քննարկվել մամուլում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ղազախստանի նախագահ Նազարբաևը որոշեց հրապարակայնացնել այդ հարցը: Չէ՞ որ կարելի էր այն քննարկել փակ ռեժիմով:

– Ես նայում եմ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությունները, և, իմ կարծիքով, 90 տոկոսով մեկնաբանում են մարդիկ, ովքեր ընդհանրապես ծանոթ չեն այդ գործընթացին, մեկնաբանությունների մեծ մասը կոմպետենտ չէ:

Նախկինում ես առիթ ունեցել եմ իշխանություններին նախազգուշացնելու, որ Նազարբաևը քայլ է անելու, այսպես ասած` «իրեն լավ չի պահելու»:

Կարդացեք նաև

Ձեր հարցի պատասխանը երկու մասից է բաղկացած: Առաջինը, Ուկրաինայի դեպքերից հետո վիճակ է փոխվել: Վլադիմիր Պուտինի հնարավորությունները` լուծելու ներքին խնդիրները` նաև միության ներսում, արդեն այնպիսին չեն, ինչպիսին ուկրաինական ճգնաժամից առաջ էր:

Պարզ է, որ աշխարհը դուրս է եկել Պուտինի դեմ, Պուտինն էլ աշխատում է խուսափել ներքին բախումներից: Ինչպես ասում են` «не до этого»: Ուկրաինական խնդիրը, ցավոք սրտի, շատ երկար է տևելու, և ոչ միայն ուկրաինականը: Դուք ինձ մի անգամ ասացիք` Սիրիայի խնդիրն այդպես էլ չլուծվեց: Շուտով կտեսնեք` ինչ վիճակ կլինի այնտեղ` Իրանի հետ կապված:

Այսինքն բացվում են տարբեր ճակատներ, և հիմա Պուտինը չի ցանկանում գնալ այդպիսի առճակատումների Մաքսային/Եվրասիական միության ներսում: Սա մի ուղղությունն է, որով թուլանում են նաև հայկական դիրքերը, որովհետև Հայաստանի մեջքին կանգնած հիմնական ուժը Պուտինն է: Մի կողմից այս խնդիրն է`Պուտինը հիմա ավելի գլոբալ հարցեր լուծելու խնդրի առջև է կանգնած:

Երկրորդը, շատ ճիշտ նկատեցիք` ինչո՞ւ Նազարբաևը բացահայտ խոսեց այդ հարցի մասին: Կարող էր այդ նույն նամակը հանձնել Սերժ Սարգսյանին և ասեր, որ նմանատիպ խնդիր կա: Պատասխանում եմ. հիշեցնում եմ` Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով չգիտեմ` ինքնուրույն էր, թե ընդհանուր քաղաքական գիծ էր հայտնում, շատ ոչ կոմպետենտ, դիվանգիտությունից դուրս հայտարարություն արեց այն մասին, որ կա´մ Հայաստանը կընդունվի Եվրասիական միություն Ղարաբաղի հետ միասին, կա´մ ընդհանրապես չի անդամակցի:

Եթե դու բացահայտ պայման ես դնում այդ ձևով և ոչ նախագահի բերանով, անպայման նկատի չունեմ անձը, պարզ է, որ Մաքսային/Եվրասիական միության ներսում գտնվողները նույն ձևով պետք է քեզ պատասխանեն, որովհետև Հայաստանը կրկին շարունակում է վարել իր անհասկանալի քաղաքականությունը, բոլոր եկողներին ասում է` այո´, և սրանում շատ մեծ մեղք ունի Սերժ Սարգսյանը:

Գուցեև դռները պետք չի փակել, բայց դիվանագիտությունն ավելի նուրբ ձևով պետք է վարել: Մենք աննրբանկատ քայլ արեցինք, մեզ աննրբանկատ պատասխան տվեցին:

– Թույլ տվեք նկատել, որ Հովիկ Աբրահամյանը պատասխանում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Ազարովին, ով հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու է ՀՀ-ի` ներկայումս ճանաչված սահմաններով:

– Ճի՛շտ եք: Բայց նորից եմ կրկնում` եթե դիվանագիտական դիմակայության ժամանակ ես դիվանագիտական խաղեր սկսում, դա արդեն չափազանց նուրբ պետք է անես, քանի որ քեզ կարող են սադրանքի ենթարկել: Այդ ամենը պետք է կարողանալ հաշվի առնել:

Ո՞ւր է երկրի ղեկավարի ստրատեգիական մտածելակերպը, դիվանագիտական մոտեցումը: Կարող եմ ասել իմ կարծիքը, որը նաև փոխանցել եմ իմ ռուս գործընկերներին. անկեղծ ասած, Պուտինի փոխարեն ես լինեի` թույլ չէի տա նման բան անել:

– Հավանաբար նկատի ունեք Ղրիմը:

– Այո´, առաջին հերթին` Ղրիմի պատճառով, բայց դա միակ պատճառը չէ: Չէ՞ որ, վերջիվերջո, այս ամենով հարված է հասցվում միութենական գաղափարին:

– Հնարավո՞ր է, որ սա ընդհանրապես անակնկալ էր Սերժ Սարգսյանի և արտգործնախարարի համար:

– Անակնկալ էր հրապարակելը, այդպես հրապարակելը: Եթե ուշադրություն դարձնեք` ինչպես էր խոսում Նազարբաևը, պարզ կդառնա, որ հրապարակում էր միայն հրապարակելու համար: Ասում է` «հիմա չենք քննարկելու այդ հարցը»:

– Այսինքն`մեր իշխանությունները կանխատեսում էին այդ տարբերակը, բայց չէին սպասում, որ Նազարբաևը բացահայտորեն կխոսի դրա մասին:

– Այո´, ճիշտ եք: Մերոնք հասկանում էին, որ նման բան կա, բայց չէին սպասում, որ դա կարվի հրապարակավ: Ըստ իս` իրենք վստահ էին, որ Պուտինը սկանդալ թույլ չի տա: Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված` մի բան էլ ավելացնեմ. ես միշտ ցանկացել եմ իմանալ` ինչո՞վ է զբաղված մեր Ազգային անվտանգությունը: Սերժ Սարգսյանը լավ նախագահ է, թե վատ նախագահ է (ըստ իս` այդքան էլ լավ նախագահ չէ), դնենք մի կողմ, բայց նախագահը գնում է հանդիպման` կարևորագույն հարցը քննարկելու: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը չի՞ ասում` նամակ է գրել Ալիևը:

Լավ, միգուցե նամակի տեքստին չի կարողանում ծանոթացնել, բայց նամակի մասի՞ն էլ չի ասում: Սա արտաքին հետախուզության խնդիրն է: Ես չեմ ուզում մարդկանց մեղադրել, միգուցե նախագահին զեկուցել են, որ նման նամակ կա: Բայց եթե զեկուցել էին, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անակնկալի եկավ, շփոթվեց: Երկու տարբերակ կա` կա´մ չգիտեր, կա´մ վստահ էր, որ չի հրապարակվի:

– Հիմա բոլորին հետաքրքրում է հարցը` ինչո՞ւ Սարգսյանը չպատասխանեց Նազարբաևին:

– Շատ ճիշտ արեց, որ չպատասխանեց: Ես երբեք չեմ ընդունել Հայաստանի իշխանությանը, որովհետև միշտ սխալ են կառավարել, երկրի «հերն անիծել են», բայց կան բաներ, որ մարդկային առումով էլ չեմ ընդունում: Հիմա բոլոր դրել քննարկում են Սերժ Սարգսյանի նստած տեսքը և այլն, և այլն` այն իմաստով, որ «Սերժ Սարգսյանը խեղճ ա, մեղք ա, այսպես է արել, այնպես է արել…եկեք փոխենք»: Եվ ովքե՞ր են սա ասում, բոլոր նրանք, ովքեր ուզում են Ռոբերտ Քոչարյանին հետ բերել: Ի՞նչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: ԱՊՀ-ի անդամ պետության նախագահ Ալիևը նամակ է գրել երեք նախագահներին…

– Բայց նա կապ չունի Եվրասիական միության հետ:

– Սակայն նա ԱՊՀ անդամ է, որը մասնակցում է նույն նախագահների հետ ԱՊՀ-ի` ավելի լայն շրջանակով հանդիպումներին: Ընդունում ենք նրան, թե չենք ընդունում, բայց նա տեղեկացրել է, որ այսպիսի խնդիրներ կան: Նույն կերպ վրացիներն են ամեն անգամ տեղեկացնում կողմերին, որ Պուտինը, ով եկել, նստել և ձեզ հետ խոսում է, ագրեսոր է:

– Հասկանալի է, գուցե դա Ալիևի իրավունքն է: Բայց մենք էլ իրավունք ունենք հարց տալու, թե ինչո՞ւ է ՀԱՊԿ-ի և Եվրասիական միության անդամ Ղազախստանն ավելի շատ պաշտպանում այդ կառույցների անդամ չհանդիսացող Ադրբեջանի, քան ՀԱՊԿ-ի անդամ և Եվրասիական միության ապագա անդամ Հայաստանի շահերը:

– Ոչ, նա Ադրբեջանին չի պաշտպանում: Նա ասում է` այսպիսի խնդիր կա: Մենք լավ գիտենք, թե ինչու է Նազարբաևը պաշտպանում, ինչ է անում և ինչպես է անում, բայց դրա մասին հետո կխոսեմ: Դիվանագիտություն չի նշանակում, որ ամեն պահի պետք է «շփցնել» երեսներին: Չպատասխանելը ճիշտ էր միայն նրանով, որ այժմ մեզ չափազանց անհրաժեշտ է տուրք չտալ Ադրբեջանի և իր արբանյակների սադրանքներին:

Դուք չե՞ք մտածել` ինչո՞ւ Ադրբեջանն այդ հանդիպումից առաջ կրկին սկսեց սադրանքներ իրականացնել սահմանին: Ադրբեջանցիները մտածել էին սադրանքների շարք, որ Աստանայում այդ հանդիպմանը հիմք լինի ասելու, որ պատերազմը շարունակվում է, այս հարցը դեռ լուծում չի ստացել, որ «ագրեսորին Ղարաբաղի հետ միասին ընդունում եք Եվրասիական միություն, այսինքն` փաստացիորեն ճանաչում եք Ղարաբաղը»:

Ադրբեջանական խաղ է, որին նաև լծվել են որոշ մարդիկ, ոչ միայն Նազարբաևը: Կան մարդիկ Բելառուսում, Ռուսաստանում: Չպատասխանելը ճիշտ է մինչև վերջ: Հիշեցնում եմ Հունգարիայի օրինակը: Պատրաստված էր շատ մեծ սադրանք`հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու և խաղաղարար ուժերի մուտքն ապահովելու համար:

Եթե մենք ժամանակին չհասնեինք, Սերժ Սարգսյանն արդեն գնում էր այդ ուղղությամբ: Մենք ամեն ինչ բերեցինք դիվանագիտության դաշտ, աշխարհին ցույց տվեցինք, որ մենք, որպես պետություն, կարող ենք դիվանագիտական քայլ անել և խուսափեցինք:

Այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որ խնդիրների լուծմանը հասնի առճակատումների գնով: Այժմ պետք է խուսափել յուրաքանչյուր առճակատումից: Կգա ժամանակը, մենք կպատասխանենք թե´ Նազարբաևին, թե´ Լուկաշենկոյին:

– Ի դեպ, Սերժ Սարգսյանի խոսնակը 168.am-ին ասել է, որ նախագահը մոտ օրերս առիթ կունենա անդրադառնալու այդ հարցերին:

– Սերժ Սարգսյանի տեղը լինեի` շատ հանգիստ, դիվանագիտորեն կանդրադառնայի, առանց հույզերի:

– Ձեր կարծիքով` ի՞նչ կասի Սերժ Սարգսյանը:

– Հիմա ես չեմ ուզում դրա մասին խոսել: Գիտեմ, բայց չեմ ուզում ասել: Միայն խորհուրդ կտայի` ինչպես Ուկրաինայի դեպքում, կրկին շատ հանգիստ, դիվանագիտորեն պատասխանել, չգնալ ներքին սադրանքների, որովհետև հիմա ներքին սադրանքներ էլ են արվում: Հիմա մեր աչքի առաջ ներքին սադրանքներ են իրականացնում, որպեսզի Սերժ Սարգսյանը մի խելահեղ, անմիտ և ավելի խճճող պատասխան տա: Մեզ համար կարևոր է այդ գործը, իսկ պատասխանն աշնանը կտեսնեք:

– Ղազախստանի պայմանը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Հայաստանը կասեցնի Եվրասիական միության անդամակցությունը:

– Ո´չ, դա պատճառ չի կարող դառնալ: Պետք է գտնվի ալգորիթմ: Ստեղծվել է դիվանագիտական կառույց, դրա մեջ ոչ մի ահավոր բան չեմ տեսնում: Ոչ ոք ոչ մի բանից չի հրաժարվելու, կարող եմ Ձեզ ասել` սա նաև չի դառնալու հրաժարականի պահանջ երկրի ներսում, և դա որևէ բան չի փոխելու մեր աշխարհաքաղաքական կողմնորոշման մեջ: Դրա հետ մեկտեղ լավ կլինի, որ մեր իշխանությունները հասկանան, որ ամեն տեղ «այո» ասելով` շատ վատ վիճակի կարող են հասցնել երկիրը: Թող սա միշտ հիշեն:

Երկրորդը, ինչպես ասացի` Ռուսաստանի և աշխարհի միջև կա դիմակայություն: Թե մի քանի ամիս հետ ինչպիսին կլինի վիճակը և ինչպիսի ալգորիթմներ կգտնենք, ժամանակը ցույց կտա: Իսկ ես վստահեցնում եմ` եթե ասել ենք, որ պետք է գնանք դեպի Եվրասիական միություն, ուրեմն ալգորիթմներն էլ կգտնենք` այդ հարցերը լուծելու համար: Այդ ուղղությամբ հիմա մեծ աշխատանք է տարվում:

 

Տեսանյութեր

Լրահոս