«Հայազն». Կատարվածը տրամաբանական հետևանքն է Ս.Սարգսյանի անփառունակ և անսկզբունք քաղաքականության
Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական Տնտեսական Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական Տնտեսական Միության հիմնադրիր միջոցառման ժամանակ Հայաստանին առաջարկվել է Միությանն ավելի ուշ միանալ:
Ղազախստանի նախագահը, Ադրբեջանի գրավոր պահանջով, Ռուսաստանի և Բելառուսի նախագահների համաձայնությամբ, Հայաստանի առջև նախապայման է դրել՝ միանալ եվրասիական միությանը, իր ձևակերպմամբ, «ՄԱԿ-ում ճանաչված սահմաններով, ինչպես որ դա Հայաստանն արել է ԱՀԿ ընդունվելիս»:
Արցախից հրաժարվելուն վերաբերող այս ստորացուցիչ պահանջին Հայաստանը ներկայացնող անձը պատասխանել է սպասելի «խորիմաստ» լռությամբ:
Չենք զարմանա, եթե նախագահի աթոռը մինչ օրս թյուրիմացաբար զբաղեցնող սույն անձը հեշտությամբ համաձայնվի Արցախը մնացած Հայաստանից անջրպետող և Ռուսաստանի լիակատար հսկողության ներքո գտնվող «միջազգային մաքսատների» տեղակայմանը՝ Եվրասիական միությանը հանուն նեղ անձնական շահերի հնարավորինս արագ անդամակցելու համար։
Կատարվածը տրամաբանական հետևանքն է Ս.Սարգսյանի անփառունակ և անսկզբունք քաղաքականության, որի միակ նպատակը մշտապես եղել է ազգային շահերի համապարփակ հանձնմամբ ապահովագրել սեփական արտաքնատու իշխանության շարունակական վերարտադրությունը։
«Հայազնը» վերահաստատում է վերպետական կառուցներին Հայաստանի անդամակցության դեմ իր անդրդվելի դիրքորոշումը, որի անայլընտրանք և կենսականորեն անհրաժեշտ լինելն ակներևաբար ապացուցվում է յուրաքնչյուր առիթով:
Հայաստանը ներկայացնող պատվիրակության անողնաշարությունը՝ լրացուցիչ ու հերթական պատճառ է իշխանությունն ապօրինաբար յուրացրած վարչախմբից ձերբազատվելու համար: Վարչախումբ, ով դրսում ստորաքարշաբար խոնարհվում է այլ պետությունների ղեկավարների առջև, իսկ ներսում՝ անմեղսունակաբար հոխորտում ու բռնանում սեփական ժողովրդի նկատմամբ:
«Հայազն» կուսակցության վարչություն