ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ. Նազարբաևն իր ասածի մեջ նաև տալիս է պատասխանը
«Նազարբաևն ինքը, փաստորեն, իր ասածի մեջ նաև տալիս է պատասխանը. ինչպես Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) է անդամակցել` առանց Արցախի հետ հարաբերությունները քաղաքականացնելու, առանց ինչ-որ հիստերիկ դրսևորումների, որոնք չգիտես` ինչու այսօր տեսնում ենք այդ հարցերի շուրջ, այս հարցը նույնպես նորմալ ձևով անցնելու է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Աստանայում Ղազախաստանի նախագահի հայտնի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ երեկ` մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնադիր անդամներին խնդրելով միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ժամկետ սահմանել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Քննարկման արդյունքում որոշվել է Հայաստանի անդամակցության մնացյալ հարցերը լուծելու համար ժամանակ տալ մինչև հուլիսի 1-ը:
Լուծման ենթակա հարցերին Ղազախաստանի նախագահ Նազարբաևը իր հերթին ավելացրել է ևս մեկը` կարդալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացված նամակը:
«Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը, բոլոր նախագահներն են ստացել… Կա մեկ հարց, որը կարելի է հետո լուծել: Այն այնքան էլ հաճելի չէ մեզ համար. միությանն անդամակցելիս կիրառել այն, ինչը դուք կիրառել եք ԱՀԿ-ին անդամակցելիս` ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, որպեսզի այնտեղ Ադրբեջանում չզայրացնենք մեր մյուս ընկերոջը»,- դիմելով Սերժ Սարգսյանին` ասել է Նուրսուլթան Նազարբաևը:
Չնայած սրան, Դավիթ Բաբայանը համոզված է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին որևէ մաքսակետ չի բացվելու, և Նազարբաևի հայտարարությունը չի նշանակում, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև լինելու է մաքսային սահման:
«Նազարբաևն իր պատասխանը տվել է իր հարցման մեջ` ինչպես Հայաստանն անդամակցել է ԱՀԿ-ին, այնպես էլ պետք է անդամակցի ԵՏՄ-ին: Ի՞նչ է դրանից հետո Հայաստանի ու Արցախի սահմանին մաքսակե՞տ է բացվել: Իհարկե, ոչ: Այդ մաքսակետը չի լինելու: Ուրիշ բան է, որ նրանք ասել են, որ Հայաստանն իր ճանաչված սահմաններով պիտի անդամակցի, ինչը բնական է, քանի որ Արցախն այլ պետություն է,- նշեց Դավիթ Բաբայանը:- Արցախի տնտեսությունը չի կարող մեծ վտանգ ներկայացնել թե´ համաշխարհային տնտեսության, թե´ եվրասիական տնտեսական տարածքի համար: Հետևաբար, նորմալ, սահուն կերպով պիտի անցնի, և քաղաքականացնելը ես ճիշտ չեմ համարում:
Ընդհակառակը, դրանով մեզ համար էլ ավելի շատ խնդիրներ ենք ստեղծում: Դա մեզ համար գործնական վտանգ ունենալո՞ւ է, թե՞ ոչ: Իմ համոզմամբ` չի ունենալու: Հետևաբար, պետք չէ քաղաքականացնել: Ինչպես եղել ենք Հայաստանի հետ ջերմ և սերտ տնտեսական հարաբերությունների մեջ` մեկ տնտեսական դաշտում, այնպես էլ լինելու ենք»:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք տարօրինակ չի՞ համարում այն, որ Եվրասիական տնտեսական միության անդամներից մեկը պաշտպանում է միության անդամ չհանդիսացող պետության, այս դեպքում Ադրբեջանի շահերը: Պատասխանելով հարցին` Արցախի նախագահի մամուլի խոսնակը կարծիք հայտնեց, թե դա զգացմունքային մոտեցում է, բայց մենք պետք է կամաց-կամաց ձերբազատվենք այդ զգացմունքային մոտեցումից և հարցին սառը դատողությամբ մոտենանք: Բաբայանի կարծիքով` Ադրբեջանը հետագայում կարող է դառնալ ԵՏՄ-ի անդամ.
«Այն, ինչ նա (Նազարբաևը) ասում է, իրենց շահերն է: Դա բնական է: Չպետք է սրանից ողբերգություն սարքենք: Մյուս կողմից, իհարկե Ադրբեջանը անդամ չէ, բայց կարող է հետագայում դառնալ անդամ: Դրանով կարող են սա բացատրել»:
Ի պատասխան մեր հարցադրմանը` եթե ԵՏՄ-ի անդամների կողմից, այնուամենայնիվ, դրվի հստակ պահանջ, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև պետք է լինի մաքսային սահման, ի՞նչ դիրքորոշում է ունենալու Արցախը, Բակո Սահակյանի մամուլի քարտուղարն ասաց. «Երբ այդ մասին խոսեն և փորձեն պրակտիկ քայլեր կիրառել, այն ժամանակ կտեսնենք: Ամենայն հավանականությամբ այդպիսի բան չի լինելու»: