
Աբխազական ընդդիմությունը պատրաստ է հրաժարականի դեպքում երաշխավորել Անկվաբի անվտանգությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աբխազական ընդդիմությունը պատրաստ է երաշխավորել հանրապետության ներկայիս նախագահ Ալեքսանդր Անկվաբի անվտանգությունը, եթե նա կամավոր հրաժարական տա:
Այս մասին հայտարարել է Աբխազիայի Ժողովրդական խորհրդի անդամ, ընդդիմության առաջնորդներից Սերգեյ Շամբան. «Եթե Անկվաբը կամավոր հրաժարական տա, ապա մենք պատրաստ ենք քննարկել նրա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և ապագայի երաշխիքները:
Վհուկների որևէ որս չի լինի և չի կարող լինել: Մեզ համար այսօր գլխավորն աբխազական հասարակության պառակտման վերացումն է և ժողովրդին միավորելը: Աբխազիայում ժողովուրդը պառակտվել է ներկայիս նախագահի մեղավորությամբ»:
Շամբան հավելել է, որ մայիսի 30-ին կսկսվի կոալիցիոն նոր կառավարության ձևավորումը: Անկվաբը հայտարարել է, որ հրաժարական չի տվել: