Բուհ կընդունեն բոլորին
Մեր բուհերը վախեցած են: Դիմորդների թիվը կտրուկ նվազել է: Պատճառը հայտնի է ու հին: Այսինքն` մի քանի տարի ժամանակ կար` հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Վերջին տարիներին աշակերտների թիվը նկատելիորեն նվազում է: Եթե 2008/09 ուստարում հանրակրթական դպրոցում սովորում էր 414,8 հազար աշակերտ, ապա 2012/13 ուստարում սովորողների քանակն արդեն 368,7 հազար էր: Ընդ որում, զուտ քանակական նվազումից զատ, հանրակրթության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ էլ են տեղի ունենում:
Անցած հինգ տարիների ընթացքում մոտ 5 անգամ ավելացել է ռուսերեն լեզվով կրթություն ստացող աշակերտների թիվը: Մինչդեռ 2008/09 ուստարվա հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 409 հազարից նվազել է 368 հազարի: Մեր պետության պես, մենք էլ, որպես հասարակություն տարիներ շարունակ ձևացնում ենք, թե չենք նկատում այս ժողովրդագրական ու քաղաքական գործընթացները: Բայց այն իր անշրջելի հետևանքներն է թողնում թե կրթական համակարգի, թե սոցիալ-տնտեսական կյանքի վրա: Հայաստանյան բուհերը վաղուց դարձել են տնտեսության լուրջ օղակ: Թեկուզ այն պատճառով, որ դրանք խոշոր հարկատու կազմակերպությունների ցանկում մշտապես իրենց տեղն ունեն:
Առայժմ ունեն: Ուսանողների թվի կրճատմանը զուգընթաց` բուհերը պարբերաբար բարձրացնում էին կրթավարձերը: Հիմա կարծես դրա հնարավորությունը չկա: Հայսարակությունն արդեն ի վիճակի չէ ավելին վճարել: Թերևս, այս փաստը շրջանցելով` Գիտության ու կրթության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «Մենք չենք կարող թույլ տալ, որ ուսանողների վարձավճարներն անվերջ բարձրացվեն»: Հասարակությունն էլ չի կարող թույլ տալ: Անցած տարվա ուսանողական ընդվզում-բողոքները դա բավական ակնհայտ դարձրին: Ամեն տարի կրճատվում է դպրոցական շրջանավարտների թիվը: Հինգ տարի առաջ հանրակրթական դպրոցն ավարտել էր 45 հազար 700 աշակերտ:
Իսկ անցած տարի` ընդամենը 34 հազար 900: Հենց այս շրջանավարտներն են բուհերի դիմորդների հիմնական զանգվածը: Երևանի պետական համալսարանն, օրինակ, պաշտոնապես հայտարարել է, որ դիմորդների քանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 200-ով:
Վիճակագրությունն ասում է, որ տարեցտարի նվազում է նաև ուսանողների քանակը: Բուհերում ստեղծված վիճակն Արմեն Աշոտյանն այսպես է բնութագրում. «Ուսանողների թվի աճն էլ ժողովրդագրական իրավիճակներով պայմանավորված մտահոգիչ է»: Նախարարի նրբագեղ դիտողությունը խորհրդային հանրահայտ քարոզչամեքենային անգամ պատիվ կբերեր: Կոմունիստական քարոզչությունը չէր կարող Վ. Ի. Լենինի մասին որևէ բացասական բան ասել: Հետևաբար` առաջնորդին նկարագրելիս փոխանակ ասեին, որ «Լենինը ճաղատ էր», ասում էին «Նա լայն ճակատ ուներ»: Նույն կերպ մեր նախարարը բացահայտ չի ասում այն, ինչ հայտնի է բոլորին, որ «Ուսանողների քանակը տարեցտարի կրճատվում է»: Փոխարենը ասում է. «Ուսանողների թվի աճը ժողովրդագրական իրավիճակներով պայմանավորված մտահոգիչ է»:
Բայց վիճակագրությունը թվաբանության առումով անողոք արձանագրել է. «Աճ չկա, կա նվազում»: 2008/09 ուս տարում Հայաստանի բուհերում սովորում էր 114,4 ուսանող: 2012/13-ի ցուցանիշը 90,1 հազար է: Ուրեմն բուհերին մի ելք է մնում՝ ընդունել բոլոր դիմորդներին ու առնվազն չորս տարի վարձավճար գանձելով` ձևացնել, թե նրանց կրթություն են տալիս: Հայաստանում ներկայումս գործում է արտոնագրված 65 բուհ: Բարձրագույն կրթության որակի գնահատականը տալուց խուսափելով` ցանկանում եմ նշել միայն դրանցից մեկի պաշտոնական անունը՝ «Նոր Գեղի Ագրոբիզնեսի և մենեջմենթի ակադեմիա»: Ուրիշ ասելիք չկա:
«Միասնական քննություն» կոչվածը վաղուց ֆարսի է վերածվել: «Ընդունվում են բոլորը» կարող են իրենց գովազդներում հայտարարել նրանք: Հատկապես, որ Հայաստանում գործող չորս միջպետական բուհերից առնվազն երեքն իրենցով կանեն բուհում սովորելու ի վիճակի դիմորդների ճնշող մեծամասնությանը, իսկ մերոնց կմնա, մեղմ ասած, մնացածը: Ստեղծված իրավիճակից որպես ելք` կրթության նախարարն առաջարկում է «Գիտելիքի առևտրայնացումը» և «Օտարերկրյա ուսանողների ներգրավումը»: Այն, որ գիտելիքը մեր բուհական համակարգում անսահման առևտրայնացված է, գիտեն համարյա բոլորը, բացառությամբ, թերևս, նախարարի:
Մյուս կողմից` վստահ եմ, որ մեր նախարարն իր ասածը հիմնավորելու համար բոլորիս խորհուրդ կտա բառարան կարդալ ու համոզվել, որ բառարաններում «առևտրայնացում» բառը այլ ու միանգամայն դրական իմաստ էլ ունի: Բայց օտարերկրյա ուսանողների ներգրավելու մասին խոսքի պարագային ոչ մի բառարան չի օգնի: Նույնիսկ ամենահազվադեպ պահպանվածները: Հինգ տարի առաջ Հայաստանի բուհերում սովորում էր 4 հազար 11 արտասահմանցի ուսանող: Անցած տարի նրանց թիվը 2 հազար 725 էր:
Մի ժամանակ, երբ Հայաստանում նախնական բարձրագույն կրթությունը բավարար չափով մատչելի էր և որակյալ, իսկապես օտարերկրյա ուսանողների որոշակի քանակ կար: Նրանց մեջ մեծամասնություն էին կազմում ՌԴ հայաստանցի առաջին սերնդի արտագաղթած ընտանիքների երեխաները: Հիմա Հայաստանում և կյանքն է թանկացել, և կրթավարձը, հետևաբար` ուսանողների թիվը նվազել է: 2008/09 ուստարում մեր բուհերում սովորում էր 1294 ՌԴ քաղաքացի: 2012/13-ին՝ 904: Վրաստանցի հայ ուսանողների թիվը նույն ժամանակաշրջանում 1145-ից իջել 769-ի: Սա կարելի է նաև բացատրել նրանով, որ Վրաստանն իր քաղաքացի հայ և ադրբեջանցի դիմորդներին արտոնություններ է տվել:
Դիմորդների համար մինչև բուհ ընդունվելն անվճար կացարան են հատկացնում Թբիլիսիում և անվճար դասընթացներ կազմակերպում: Իսկ մեր երկրում բուհ կընդունեն բոլորին: Միակ պայմանը վարձավճար մուծելն է: Համարյա Փանջունու նամակների վերջին տողը հիշեցնող պատմություն: