Բաժիններ՝

Սեկվեստրի հավանականություն չկա. Միքայել Մելքումյան

Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մի քանի անգամ բավականին հոռետեսական շեշտադրումներով անդրադարձավ 2013 թ. բյուջեի եկամտային մասին՝ կասկած հայտնելով դրա կատարման առումով: Տեսակետ հնչեց, որ դրանով Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին նախապատրաստում է բյուջեի սեկվեստրին:

Հնարավո՞ր է արդյոք, որ 2013 թ. բյուջեն սեկվեստրի ենթարկվի: Այս հարցին ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը 168.am-ին ասաց, որ սեկվեստրի հավանականություն չկա: Ըստ նրա՝ վարչապետը մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ եթե շատ ռադիկալ որոշումներ ընդունվեն, օրինակ՝ շրջանառության հարկը հանվի, կամ արտոնագրային վճարը կամ այլ, որոնք բիզնեսի հարկային բեռի թեթևացումների են տանում, հնարավոր է դա ազդի ծախսային մասի վրա, որովհետև արդեն իսկ տարվա կեսին ենք, իսկ հաջորդ շեշտադրումը եղել է, որ տնտեսական աճը դանդաղում է, ապա լրացուցիչ 100 մլրդ դրամի մուտքերն ապահովելը բարդ կլինի:

«Դա կարող է լինել 2 հանգամանքի հաշվին՝ կամ կարող է գնաճ լինել, որ առանց տնտեսական աճի մուտքերը կարողանանք ապահովել, կամ էլ կարող է հարկային բեռի ավելացման հաշվին, որն այս տարվա վարչարարության ռեժիմով նախատեսված չէ 2014 թ. համար: Նշանակում է հաջորդ քայլը կարող է լինել ստվերային տնտեսության կրճատման խնդիրների հետ կապված լուծումը, որին էլ միտված են եղել գործարարների հավաքի ժամանակ հնչած հարցադրումները: Այնպես որ, ես սեկվեստրի մասով չեմ տեսնում, որ կարող է խնդիր առաջանալ»,- ասաց Մ.Մելքումյանը:

Պատգամավորի խոսքով՝ հուլիսի 1-ից քանի որ նախատեսվում է աշխատավարձերի կտրուկ աճ՝ միջինը 40%, և բացի այդ գործակիցներով միասնական համակարգի ստեղծումը, որը մեծ գումար չի կազմում բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց համար՝ մոտ 200-300 հոգի են, մնացածը, բնականաբար, խնդիր է առաջացնում. «Եթե բարձրացնում են աշխատավարձը միգուցե մտահոգություն է եղել՝ թե ինչպե՞ս, որովհետև այդ մտահոգությունն Հովիկ Աբրահամյանը հայտնել է նաև ԱԺ նախագահ եղած ժամանակ, երբ անցած տարի հոկտեմբեր-նոյեմբերին քննարկում էինք բյուջեի նախագիծը, որ 226 մլրդ դրամից եկամտային հարկի ավելացումը մինչև 280 մլրդ դրամ, որից 25 մլրդը զինծառայողներն են, իսկ մնացածը խնդրահարույց է: Դա աշխատավարձի աճի հաշվին պետք է լինի, և դրա հետևանքով որոշակի գնաճ կլինի, բայց դա, ես կարծում եմ, կմնա կառավարելիության սահմաններում: Ապրենք, կտեսնենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս