
Ջոն Քերին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շնորհակալ է Ադրբեջանին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության հարցում գործընկերության համար: Այս մասին Ադրբեջանում Հանրապետության օրվա (28.05.1918) կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին.
«Նախագահ Օբամայի ու ԱՄՆ-ի ժողովրդի անունից մայիսի 28-ի Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորում եմ Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին: ԱՄՆ-ն ու Ադրբեջանը կիսում են էներգոմատակարարումների դիվերսիֆիկացմանն ու տարածաշրջանային անվտանգությանն աջակցելուն հավատարիմ գտնվելը:
Մենք հատկապես շնորհակալ ենք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության հարցում Ադրբեջանի գործընկերության համար: ԱՄՆ-ը նախկինի նման հավատարիմ է Ադրբեջանի հետ համագործակցելուն՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, նրա բաց շուկայական տնտեսության զարգացմանն աջակցելուն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն»:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին էլ Օբաման նույն կապակցությամբ շնորհավորական նամակ էր հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դրանից հետո Օբաման Անկախության տոնի կապակցությամբ շնորհավորել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիին: