Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանիշն Անմոռուկ ծաղիկն է, իսկ կարգախոսը` «Հիշում եմ և պահանջում» (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսն է լինելու «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ պետական հանձնաժողովի կողմից ստեղծվել էր հատուկ աշխատանքային խումբ, որն անցկացրել է մրցույթ: Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:

«Անմոռուկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը՝ հիշելու, չմոռանալու, ինչպես նաև հիշեցնելու իմաստն է, և հենց դրա համար էլ ընտրվել է հենց այս ծաղիկը: Խորհրդանիշի վրա գրաֆիկական պատկերի միջոցով պատկերված է Ծիծեռնակաբերդի 12 սյուների պատկերը վերևից: Այն ակտիվ օգտագործվելու է 100-րդ տարելիցի շրջանակում, ինչպես նաև ժապավեններ՝ նույն ծաղկի գույներով»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը բացատրեց, որ սև գույնը Ցեղասպանության խորհրդանիշն է, մանուշակագույնը՝ ներկան ու ապագան են արտահայտում, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները հայտնվեցին Ցեղասպանությունից հետո և ստեղծեցին հայկական համայնքներ:

Ինչ վերաբերում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին, ապա Վիգեն Սարգսյանը նշեց, որ հատուկ ընդգծված և անհատականացված կարգախոս է և ուղղված է նրան, որ յուրաքանչյուրս այն արտասանելով՝ հիշի իր ընտանիքի պատմությունը, իր ժողովրդի վերապրած ողբերգությունը: «Այն պահանջը, որ տեսնում ենք այս ենթատեքստում, պետք է ներկայացնենք համայն աշխարհին»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս