Ընտրությունները ճանապարհ են հարթում Ուկրաինային մահաբեր բնույթի ռազմական օգնություն ցուցաբերելու համար. The Wall Street Journal
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն ԱՄՆ-ին ու արևմտյան մյուս երկրներին կոչ է արել Ուկրաինային հատկացնել մահաբեր բնույթի ռազմական օգնություն՝ դա հիմնավորելով նրանով, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջատար Պյոտր Պորոշենկոն պետք է Ուկրաինան պաշտպանի ռուսական հարձակումներից:
Պարբերականն ընդգծել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելն ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար ճանապարհ հարթեց, որպեսզի նրանք սկսեն մահաբեր բնույթի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Պարբերականի հաղորդմամբ՝ երկու տասնամյակ Կիևի բանակը չի արժանացել անհրաժեշտ ուշադրության, ինչի համար էլ այն դժվարություններ է կրում զինյալների դեմ պայքարում, որոնք ավելի լավ են սպառազինված ու նախապատրաստություն են անցել Ռուսաստանում:
Պարբերականը հիշեցրել է, որ Ֆրանսիան «Միստրալ» տիպի ռազմանավեր է վաճառում Ռուսաստանին, մինչդեռ Արևմուտքը դրա հետ մեկտեղ հրաժարվում է օգնել ժողովրդավարական երկրին՝ ագրեսիայից իրեն պաշտպանելու համար: