Խախտումներ՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատում

ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի վերջերս կայացած նիստում բարձրաձայնվեցին մի շարք խախտումների մասին, որոնք բացահայտել են ՎՊ մասնագետները Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, «Ստեփանակերտի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում եւ Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում։

Վերահսկողությամբ ընդգրվել էր 2013 թվականը։ Ընդհանուր առմամբ, ըստ ՎՊ մասնագետների, պետական միջոցներն օգտագործվել են օրենսդրությանը համապատասխան, բայց որոշ ծրագրերում հայտնաբերվել են խախտումներ ու թերություններ։

Նախարարության աշխատակազմում հայտնաբերված խախտումներից մեկը վերաբերում էր ավտոմեքենաների վրա կատարված ծախսերին. այստեղ 3 ավտոմեքենայի հաշվով կատարվել է 2 մլն 444 հազար դրամ ավել ծախս:

Խախտումներ եւ թերություններ են հայտնաբերվել Ստեփանակերտի տուն- ինտերնատում. այստեղ նախատեսվածից ավել ծախսեր են կատարվել, լրացուցիչ հաստիքներ են պահվել եւ այլն։

ՎՊ մասնագետներն արձանագրել են, որ տուն-ինտերնատում պահպանվել է սննդամթերքի սահմանված էներգետիկ արժեքը, սակայն չեն պահպանվել սննդամթերքի տեսականին եւ օրական օգտագործման չափը: Մեկ խնամվողի համար օրական սահմանված 1436 դրամի փոխարեն փաստացի կատարվել է 1392 դրամի ծախս: Պարզվել է նաեւ, որ տուն-ինտերնատում բնակվող ծերերին տվել են ճաշացուցակով չնախատեսված, ավելին՝ հակացուցված սնունդ։ Նշված հարցով քննարկումների ժամանակ ՎՊ նախագահ Արթուր Մոսիյանն, ի պատասխան տուն-ինտերնատի տնօրենի դժգոհությամբ հնչեցված՝ «դե՞մ եք, որ ծերերին լավ կերակրենք» հարցին նշել է, որ կողմ է ծերերին նորմալ, «բայց ոչ փաստաթղթերով կերակրելուն»։ Ստուգումների արդյունքում պարզվել է նաեւ, որ տարվա ընթացքում միայն 6 մլն դրամի տորթ է գնվել։ Սա տուն-ինտերնատի տնօրենը նույնպես նորմալ է համարում, քանի որ, ըստ նրա, ամեն օր ծերերին թխվածք են տվել։

Որոշ դեպքերում չեն պահպանվել նաեւ տուն-ինտերնատում խնամվողներին հագուստով եւ անկողնային պարագաներով ապահովելու նվազագույն չափորոշիչներով սահմանված քանակները:

Բուռն քննարկում ծավալվեց նաեւ գնումների թեմայով. պարզվում է, որ մոտ 32 միլիոն դրամ ծախսվել է հաշվետու անձանց միջոցով, կանխիկ, առանց հաշվետվությունների: Տնօրենն այս հարցում եւս «արդարացում էր» փնտրում՝ նշելով, որ իրենց աշխատանքի առանձնահատկությունները չեն թույլատրում գնումների գործընթացում տեղավորվել, դրա համար էլ այն շրջանցում են: Սա դուր չեկավ նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանին, ով առաջարկեց քննարկումները տեղափոխել նախարարություն։

Խախտումներ են հայտնաբերվել նաեւ տնային պայմաններում խնամվողների մասով. ՎՊ մասնագետները նախարարության աշխատակցի մասնակցությամբ ստուգել են սպասարկվողների մոտ 25 տոկոսը: Ըստ փաստաթղթերի` 27 խնամվողից ընդամենը 7-ին են սպասարկողներն այցելել: Ցուցակներում հայտնաբերվել են մահացածի, ինչպես նաեւ այնպիսի մարդկանց անուններ, ովքեր տեղափոխվել են այլ վայր կամ հարազատի մոտ:

Նախարարի հավաստմամբ՝ այս մասով նույնպես խնդիրներ կան եւ հարցը քննարկման փուլում է։ Ամենայն հավանականությամբ տնային սպասարկման ծառայությունները 2015 թվականից կմատուցվեն նաեւ շրջաններում:

Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում կատարված ստուգումների արդյունքում դարձյալ անհամապատասխանություն է հայտնաբերվել մեկ խնամվողի հաշվարկով մատուցված ծառայություների փաստացի եւ նախատեսված արժեքներում. ճաշացուցակները կազմվել են կառավարության կարգերի խախտմամբ, չեն պահպանվել նվազագույն չափորոշիչները` 1335.4 դրամի փոխարեն ծախսվել է 1106.6 դրամ:

Հումանիտար օգնության միջոցառումներ ծրագրի կոնտրոնական պահեստի գույքագրմամբ արձանագրվել է 1 մլն 745 դրամ գումարի չափով պակասուրդ։

Նշված երկու հաստատություններում, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, նախարարության կողմից եւս ստուգումներ կիրականացվեն այս տարվա սեպտեմբեր ամսում։

karabakh-open.info

 

Տեսանյութեր

Լրահոս