Ինչ սպասել կառավարությունից, որը ձևավորվել է «օլիգարխ չեմ, ուրեմն իրավունք չունեմ կառավարության անդամ լինել» սկզբունքով
Ինչո՞ւ կամ ինչպե՞ս հավատալ ՀՀ նոր կառավարության ներկայացրած ծրագրին: Եվ ընդհանրապես, տեղի՞ն է արդյոք այս հարցը: Հաշվի առնելով իշխանության և նրա ձևավորած կառավարությունների հանդեպ հասարակական անվստահությունը, ինչը, ի դեպ, չեն հերքում նույն իշխանությունները, կարելի է այդպես էլ ձևակերպել:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կաբինետի ծրագիրն արդեն իսկ հաստատվել է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ձայների 70 «կողմ», 1 «դեմ» և երկու «ձեռնպահ» հարաբերությամբ:
Հիշեցնենք` կառավարությունը, հռչակելով իր ծրագիրը, իր առջև առաջիկա երեք տարիների համար (2014-17 թթ.) նպատակադրել է երեք գլխավոր արդյունք`
- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով,
- նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում` մինչև 65000 դրամի,
- աղքատության կրճատման ապահովում` 10 տոկոսային կետով:
Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծրագիրը հակիրճ կերպով այսպես է գնահատել` «իրատեսական, խստապահանջ և ականջալուր»: Այդուհանդերձ, ընդդիմության ներկայացուցիչները և ոչ միայն ընդդիմադիրներն այնքան էլ լավատես չեն, թեև իրենց հոռետեսությունը, որպես կանոն, կապում են ոչ թե կոնկրետ այս կառավարության, այլ ընդհանրապես իշխանությունների հետ:
Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ընդհանրապես հույսեր չունի նոր կառավարության ծրագրից:
«168 Ժամի» հետ զրույցում նա շեշտեց, որ իր թերահավատությունը կապված է ոչ թե կոնկրետ այս կառավարության, այլ ընդհանրապես իշխանությունների հետ, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա խոսքերով, «ոչ միայն իշխանությունների կարկառուն ներկայացուցիչն է, այլև վերջին երկու համապետական ընտրություններին Հանրապետականի գլխավոր շտաբի պետը և ընտրությունների կեղծման գլխավոր կազմակերպիչը»:
«Մինչ օրս որևէ կառավարություն չի նպատակադրել, որ տնտեսական անկում է ունենալու, մեծացնելու է աղքատությունը կամ կոռուպցիան, ավելացնելու է պետական բյուջեի թալանը, շատացնելու է մենաշնորհային ոլորտները, կեղծելու է ընտրություններ, և այլն, և այլն: Ոչ մի կառավարություն նման բան չի գրել, բայց բոլորը, ըստ էության, հենց այդ քաղաքականությունն են իրականացրել: Ինչ վերաբերում է հարցին, որ ասում են, թե 5 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, ապա, եթե 1 կամ 2 տոկոս գրեին, ավելի իրատեսական կլիներ: Բայց ցանկացած պարագայում Հայաստանին 5 տոկոս տնտեսական աճը ոչինչ չի տալու: Հայաստանին առնվազն 10 տոկոս տնտեսական աճ է պետք, որպեսզի մեր քաղաքացիները մի փոքր բարելավեն իրենց սոցիալական վիճակը, և նաև երկիրը մրցունակ լինի տարածաշրջանում, բայց քանի որ պարզ է, որ այս իշխանությունները (ոչ թե կառավարությունը) չեն կարող հասնել նման ցուցանիշի, ուստի որևէ դրական ակնկալիք չունեմ»,- ասաց նա:
«Ժառանգության» փոխնախագահը նաև ավելացրեց, որ 65 000 նվազագույն աշխատավարձը շատ քիչ է` հաշվի առնելով սողացող գնաճը, առավել ևս, երբ թանկացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները. «Դա այն թիվը չէ, որը կարող է լուծել երկրի անվտանգության խնդիրը` կասեցնել բնակչության արտագաղթը, ապահովել քաղաքացիների նորմալ կենսամակարդակը»:
Մարտիրոսյանը նաև չի հավատում աղքատության 10 տոկոս կրճատմանը. «Աղքատության կրճատման երկու ճանապարհ կա. առաջին ճանապարհը նոր աշխատատեղերն են, որը ենթադրում է ներդրումներ, ազատ տնտեսական գործունեություն, փոքր ու միջին բիզնես իրականացնելու հնարավորություն, ինչը երկրում չկա: Իսկ իրենք` իշխանությունները, վերջին 10 տարվա ընթացքում անօրինական կերպով 6 մլրդ դոլարից ավելի գումարներ են հանել երկրից` չհաշված օրինականը, ուստի նախապայմաններ չկան նոր աշխատատեղեր ստեղծելու համար:
Երկրորդ ճանապարհն աշխատավարձերի բարձրացումը պետք է լիներ, բայց դա հնարավոր է, եթե երկրում ստվերն այդքան մեծ չլիներ: Իսկ այս կառավարությունը, բացի խոսքից, գործնականում որևէ թիվ չի նշել, թե որքան պետք է փորձեն կրճատել ստվերը: Հետևաբար, աղքատության կրճատման որևէ իրական իրավիճակ չեմ տեսնում: Թեև կա նաև երրորդ ճանապարհը, որի ուղղությամբ բավական երկար աշխատել են ոչ միայն այս կառավարությունը, այլ ընդհանրապես իշխանությունները, այդ թվում` այս կառավարության ներկայացուցիչները:
Խոսքն արտագաղթը խթանելու մասին է, որպեսզի որքան հնարավոր է` սոցիալապես անապահով խավը երկրից հեռանա: Կրճատման այս ձևը մերոնք, կարծես թե, շատ լավ են կյանքի կոչում, քանի որ այն քաղաքացիները, ովքեր աշխատանք չեն ունենում, իսկ դրանք հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, ուղղակի թողնում ու գնում են երկրից»:
Իսկ քաղաքական փորձագետ Արմեն Բադալյանը անդրադառնալով մեր հարցին` նախ հարկ համարեց շեշտել` Հայաստանում տնտեսական քաղաքականությունը որոշում են ոչ թե կառավարությունը և նրա ծրագրերը, այլ մեկ անձ` Հայաստանի Հանրապետության նախագահը:
«Իհարկե, կառավարությունը դե յուրե փոխվել է, և դե յուրե տեղի է ունեցել այն գործընթացը, որը Սահմանադրությամբ ապահովում է կառավարության փոփոխությունը, բայց փաստացի և ըստ էության` կառավարությունը չի փոխվել: Ինչո՞ւ, որովհետև կառավարությունը, փաստորեն, կրկին ձևավորել է Հանրապետականը, և այնտեղ կան բազմաթիվ նախարարներ` նախորդ կառավարությունից մնացած:
Անցյալ կառավարության մեղքը չէ, որ Հայաստանում կան տնտեսական մենաշնորհներ, որոշ արտոնյալ գործարարներ, նախարարներ կամ պատգամավորներ, դրա պատասխանատվությունն ամբողջովին կրում է ՀՀ նախագահը, իսկ նա չի փոխվել: Այդ իսկ պատճառով` ինչպիսի բովանդակային ծրագիր էլ այս կառավարությունը ներկայացներ, դա որևիցե նշանակություն չէր ունենալու: Ուստի հարցը` հավատա՞լ, թե՞ չհավատալ այս կառավարությանը, ծրագրի բովանդակային տեսանկյունից արդեն էական չէ»,- ասաց Արմեն Բադալյանը:
Քաղաքական սկեպտիկների թվում է նաև նախկինում Հայ ազգային կոնգրես դաշինքին մաս կազմած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Այս 16 տարիների ընթացքում այս վարչախմբի որևէ կառավարության կանխատեսում մեր ժողովրդին ինչ-որ բան տվե՞լ է»,- հռետորական հարց է տալիս մեր զրուցակիցը:
Մակեյանի կարծիքով` իմաստ էլ չկա խոսելու նոր կառավարության ներկայացրած ծրագրի մասին, քանի որ վերջին 16 տարիներին` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման օրոք, որևէ կառավարություն չի հասել իր առջև նպատակադրված ծրագրերի իրականացմանը:
«Եթե հետադարձ հայացք գցենք անցյալին, Ռոբերտ Քոչարյանի առաջին կառավարությունն իրեն «արհեստավարժների» կառավարություն էր անվանում, չէ՞: Վարչապետն ասում էր` «եթե խավիարի համը չեն տեսել, ուրեմն իրավունք չունեն պաշտոն զբաղեցնել կառավարման համակարգում»: Հիմա այս կառավարությանը կարելի է բնութագրել մոտավորապես այս սկզբունքով` եթե օլիգարխ չեմ, ուրեմն իրավունք չունեմ կառավարության անդամ լինել: Ի՞նչ պետք է լինի այս կառավարության ծրագիրը, կարծում եմ` ընդամենը պետք է լինի օլիգարխների շահերը սպասարկող ծրագիր»,- ասաց նա:
Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը թեև նոր կառավարության ծրագրում նկատել է որոշ դրական միտումներ, մասնավորապես` դրույթները հարկային դաշտը որոշակիորեն պարզեցնելու` մեծ, միջին և մանր ձեռնարկատիրություններին տարբերակելու, սահմանին ԱԱՀ-ի գանձման պահանջն աստիճանաբար վերացնելու, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և այլնի վերաբերյալ, այդուհանդերձ շեշտում է. «Հայաստանի տնտեսական կացությունը շտկելը հնարավոր է միայն համակարգային, քաղաքական, տնտեսական, օրենսդրական, բարոյական շատ լուրջ փոփոխություններից հետո: Անհնար է վերցնել միայն տնտեսությունը և փորձել ուղղել այս քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ»:
Մեր զրուցակիցներից, թերևս, միակ լավատեսը նախկին վարչապետ, այժմ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն էր, ում կարծիքով` այս կառավարության ծրագիրը շահեկանորեն տարբերվում է նախորդից, և ոչ միայն իրատեսական է, այլև խիստ հրատապ և արդիական:
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավարը «168 Ժամի» հետ զրույցում մասնավորապես նշեց, որ ներկայացված ծրագիրը շահեկանորեն տարբերվում է մի քանի գործոններով: Առաջինը, ըստ նրա, շատ հստակ արձանագրված է առաջիկա երեք տարիների համար կառավարության հիմնական քաղաքական նպատակը` քաղաքացին, և այս ծրագրով կառավարությունը, ըստ էության, փորձում է իրականացնել այն հայտնի քաղաքական թեզը, որ ոչ թե քաղաքացին է պետության համար, այլ պետությունն է քաղաքացու համար:
Ընդ որում, Խ. Հարությունյանի խոսքերով` դա լոկ քաղաքական լոզունգ չէ, դա ցույց է տալիս հետագա քաղաքական նպատակների հիերարխիան, որոնք արձանագրված են ծրագրում, մասնավորապես` ստեղծել նպաստավոր պայմաններ արտագաղթի կրճատման և աղքատության նվազման համար, այդ նպատակին հասնել` մի կողմից` փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար ազատությունների սահմանները բարձրացնելով, մյուս կողմից` ակնհայտորեն ներդրումներ ներգրավելու կամ սեփական խնայողությունները ներդրումների վերածելու ճանապարհով աշխատատեղեր ստեղծելու գործընթացը խթանելու միջոցով:
«Այսինքն` ծրագրային այս երկու հիմնասյուներն այն հիմնական քաղաքական թեզերն են, որոնց իրականացումը նպաստելու է արտագաղթի նվազեցմանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ներկա իրավիճակից հնարավոր է ընդամենը երկու ելք. կա՛մ կառավարությունը կապացուցի, որ ունակ է իր ծրագրի իրականացման միջոցով երկրում հասնելու լուրջ դրական փոխոխությունների, և այդպիսով կվերականգնի իր նկատմամբ վստահությունը, ինչպես պահանջել էր Սերժ Սարգսյանը, կա՛մ էլ կհաստատվի վերոնշյալ այն տեսակետը, որ Հայաստանում իսկապես տնտեսական քաղաքականության և հասարակական-քաղաքական վիճակի գլխավոր պատասխանատուն ամենևին կառավարությունը չէ: Իհարկե, կառավարության ձախողման դեպքում հարցի քննարկումը կտեղափոխվի մի փոքր այլ հարթություն` դրանից բխող բոլոր հետևանքներով: