ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀԿ 15-րդ համագումարին
ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀԿ 15-րդ համագումարին
Մեծարգո պարոն Նախագահ,
Սիրելի՛ հանրապետականներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը հրավիրվել է մեր երկրի և կուսակցության համար կարևոր ու պատասխանատու ժամանակահատվածում:
Ինձ համար, որպես կուսակցության փոխնախագահի, սա կրկնակի պատասխանատվության ժամանակաշրջան է, քանի որ ընդամենը վերջերս ինձ վստահվել է ՀՀ կառավարության ղեկավարումը:
Մեր կուսակցությունը հաղթել է վերջին խորհրդարանական ընտրություններում, և մեր թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում: Մեր ժողովուրդը հավանություն է տվել մեր կուսակցության ծրագրերին և դրանց անբաժանելի բաղադրիչը կազմող նախընտրական խոստումներին:
Այդ խոստումները տվել ենք մենք և մեր կուսակցության առաջնորդը: Դրանց մի մասն արդեն կյանքի է կոչվել, բայց հիմնական մասով դեռ շատ անելիքներ կան: Մենք ունենք հանձնառություն և քաղաքական կամք անելու այն, ինչ մեզնից ակնկալում է մեր ժողովուրդը: Համոզված եմ, որ անելու ենք:
Դրա համար մենք ունենք մշակված բազմաթիվ ծրագրեր, պրոֆեսիոնալ կադրերի հոծ բանակ, ունենք բավարար նպատակամղվածություն ու եռանդ և ունենք պատրաստակամություն` աշխատելու բոլորի հետ:
Հանրապետական կուսակցությունը բազմիցս ապացուցել է, որ զարգացման հնարավորություններն օգտագործելու հարցում կարողանում է համախմբել մեր հասարակության և նրա բոլոր շերտերի ներուժը:
Հանրապետականի հաջողության բանալին թերևս մարդկանց վստահելու, մարտահրավերներն ու հնարավորությունները սթափ գնահատելու ունակությունն է:
Հանրապետականը կարողացել է զգալ այն պահերը, երբ երկրի անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է եղել կայացնել խիզախ որոշումներ: Այդ որոշումներն իրականացվել են այն մարդկանց միջոցով, ովքեր երազել գիտեն, ովքեր գնահատելով անցյալը, ավելի լավ են պատկերացնում ապագան:
Կուսակցության նախագահի ղեկավարությամբ Հանրապետականը կարողացել է համարժեք արձագանքել սպառնալիքներին, որոնք վտանգում են մեր երկրի ու մեր տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Նման պահերին Հանրապետականը կարողացել է հենվել Հայրենիքին և անկախության վսեմ գաղափարին նվիրված և փորձառու մարդկանց վրա: Մարդկանց, ովքեր գիտեն արյան ու քրտինքի ամեն մի կաթիլի գինը: Մարդկանց, ովքեր հանուն ապագայի` պատրաստ են սեփական կյանքի գնով պաշտպանել ներկան:
Հանրապետականի` անցյալ ու գալիք հաջողությունների բանաձևը գաղա-փարական ամուր հենքի և գործնական ճկունության զուգորդման ու փոխլրացման մեջ է: Հանրապետականը գաղափարակիցների միասնություն չէ միայն:
Հանրապետականն առաջին հերթին մեր իրականության ամենակուռ քաղաքական պլատֆորմն է, որտեղ նոր պատկերացումներն ու հարուստ փորձն անընդհատ իրար հետ հակադրվելու ու փոխլրացնելու գործընթացի մեջ են: Այդպես անընդհատ հղկվում են անվտանգության ու զարգացման ապահովման ուղիները:
Սիրելի՛ հանրապետականներ,
Վերջերս շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Հանրապետական կուսակցությունն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը` սկսած սահմանադրական բարեփոխումներից մինչև ժամանակակից հասարակական հարաբերությունների արմատավորում:
Ավելին, մենք՝ որպես նոր կառավարություն, ինքներս ենք հանդես գալու համակարգային փոփոխությունների նոր նախաձեռնություններով:
Միևնույն ժամանակ, ունենալով Հանրապետական կուսակցության հզոր աջակցությունը, կառավարությունը վստահորեն իր ուժերը կենտրոնացնելու է տնտեսության զարգացման և մարդկանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման շուրջ:
Գյուղացին, աշխատավորը, գործարարը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն և այդ աջակցությունը նրանք պետք է զգան ամեն օր: Նոր կառավարության հիմնական գործառույթները ներառելու են.
– նոր աշխատատեղերի ստեղծման,
– փոքր ու միջին բիզնեսի զարգացման պայմանների բարելավման,
– հարկային դաշտի հետագա պարզեցմանն ու տնտեսության ենթակառուց-վածքների արդիականացմանն ուղղված հետևողական քայլեր:
Քանի որ, վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամն է, որ ես հանդես եմ գալիս իմ կուսակիցների այսպիսի ներկայացուցչական հավաքին, ցանկանում եմ հնչեցնել հետևյալը.
սիրելի՛ հանրապետականներ,
բոլոր այն խնդիրները, որոնք Ձեր առջև դնում են Ձեր ընտրողները կամ քաղաքացիները, ես համարում եմ իմ անձնական խնդիրը:
Կառավարությունը միշտ պատրաստ է լինելու արձագանքելու ձեզնից յուրաքանչյուրի բարձրացրած խնդրին: Կառավարությունը Ձե՛ր կառավարությունն է և ես Ձեզանից մեկն եմ:
Այսօր Հանրա¬պետական կուսակցությունը միայնակ է ձևավորում կառավարությունը՝ ստանձնելով երկրի ապագայի համար ողջ պատասխանատվությունը: Ձեր շնորհիվ է, որ մարդիկ վստահում են Հանրապետականին, և ես հպարտ եմ դրա համար:
Ես մեկն եմ Ձեզանից, ով ձեզ պես մտահոգ է մեր երկրի բոլոր խնդիրներով, և ՀՀ վարչապետի գրասենյակի դռները միշտ բաց են լինելու մեր կուսակցության բոլոր անդամների համար:
Խորհրդանշական է, որ կառավարության շենքն ու մեր կուսակցության կենտրոնական գրասենյակը գտնվում են անմիջական հարևանությամբ: Ես ասում եմ խորհրդանշական, քանի որ հուսով եմ, որ կուսակցական խողովակներով հասնող ու կենտրոնական գրասենյակում մշակվող խնդիրներն իրենց լուծումները կգտնեն գրեթե նույն վայրում` կառավարության շենքում: Համենայն դեպս՝ ես ու մեր ողջ թիմն այդպես ենք տրամադրված:
Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախորդ համագումարում խիստ ճշգրիտ ձևակերպում արեց` նշելով. «Մեզ միավորում է այն գաղափարը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի արդար, շատ ավելի ազատ և շատ ավելի բարեկեցիկ: Այլընտրանք չունենք, ուղղակի պիտի կառուցենք այդ Հայաստանը»:
Ես հավատում եմ մեր ուժերին և հավատում եմ, որ միասին, նաև մեր երկրի բոլոր կարող ուժերի հետ միասին, մենք կառուցելու ենք այդ Հայաստանը:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր հանրապետական իր տեղում և իր ներուժի չա¬փով նպաստի բոլորիս ընդհանուր գործին` հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի: