Կալանխոէ դեգրեմոնի

Բուժիչ նամակներ

Թանձրատերևուկների ընտանիքի կալանխոէների ցեղին պատկանող բազմամյա խոտաբույս է։ Հայրենիքը Մադագասկար կղզին է։
Ցողունը հաճախ տարածվող է, մինչև 120 սմ երկարությամբ։ Տերևները խորը ատամնաեզր են, 15-20 սմ երկարությամբ և մինչև 10 սմ լայնությամբ։ Տերևաթիթեղը մսոտ և հյութալի է, մուգ կանաչ։ Տերևի եզրերի վրա առաջանում են բազմաթիվ բողբոջներ, որոնք կարող են զարգանալ որպես օդային` դուստր բույսեր։
Կալանխոէ դեգրեմոնի տեսակը Եվրոպա է բերվել անցյալ դարի սկզբում և մեծ տարածում է ստացել` որպես սենյակային զարդաբույս. անվանվել է «տնային ժենշեն»։

Լավ է աճում և բազմանում տնային պայմաններում, ունի հանգստացնող, խաղաղարար էներգետիկ ազդեցություն։ Կարելի է տեղադրել հյուրասենյակում, ննջարանում, խոհանոցում։

Լուսասեր, ջերմասեր բույս է։ Ձմռանը պետք է ապահովել 12-15 C դրական ջերմաստիճան։ Ամռանը սնուցում են ամիսը 1 անգամ` կակտուսների համար նախատեսված պարարտանյութերով։ Ծաղկման շրջանից հետո խորհուրդ է տրվում հեռացնել ծաղկակիրները, որից հետո բույսը տեղափոխել համեմատաբար ստվերոտ տեղ և մեկ ամիս չջրել։

Կարդացեք նաև

Քիմիական բաղադրությունը ոչ բավարար է ուսումնասիրված։ Տերևի հյութը պարունակում է ֆլավոնոիդներ, վիտամին C, մագնիում, կալցիում, երկաթ, մարգանեց, պղինձ, ալյումինիում, որոշ քանակի դաբաղանյութեր։ Տերևը պարունակում է բարդ շաքարներ, խնձորի, թրթնջուկի և քացախի օրգանական թթուներ, կենսագենետիկ ակտիվ նյութեր և ֆերմենտներ։

Կալանխոէի առանձին տեսակներ (օրինակ` K. pinnata) օգտագործվում են գիտական բժշկությունում` վիրաբուժություն, աչքի հիվանդություններ, ստոմատոլոգիա, գինեկոլոգիա, մաշկային հիվանդություններ, քրոնիկ տոնզիլիտ և այլն։ Արտադրվում են բույսից ստացվող հյութ (Succus Kalanchoes) և քսուք (Ungentum K.)։

Կալանխոէ դեգրեմոնի տեսակը մեծ կիրառում ունի ժողովրդական բժշկությունում։ Բույսի տերևի հյութն ունի հակաբորբոքային հատկություն. վերքի վրայից մաքրում է մահացած հյուսվածքները և նպաստում բուժմանը։

Ժողովրդական բուժարարները խորհուրդ են տալիս ուտել «դուստր բույսի» տերևը ավիտամինոզի դեպքում, օրը 1 թ/գ։

Բուժիչ նպատակներով կարելի է օգտագործել նաև տնային պայմաններում պատրաստված հյութը, քսուքը և ոգեթուրմը։

Հյութ։ Տերևը 6-7 օր (ոչ ավելի) պահեք 5-10C դրական ջերմաստիճանի պայմաններում, մանրացրեք ձեռքով և տրորեք փայտե գդալով, խյուսը մզեք թանզիֆով, 48 ժամ թրմեք, զգուշորեն զտեք հեղուկ մասը (նստվածքը թափեք)։ Հյութը խառնեք 20 տոկոսանոց սպիրտի հետ (20։1), պահեք սառնարանում։ Հյութը կիրառում են տրոֆիկ խոցերի, թարախային ինֆեկցիաների, պառկելախոցի դեպքում։ Քառատակ ծալած թանզիֆը թրջեք հյութի մեջ և դրեք վերքի վրա։

Քսուք։ Խառնեք 30 մլ հյութ և 50-ական գրամ լանոլին և վազելին։ Պահեք սառնարանում, օգտագործեք տրոֆիկ խոցերի, չիբանի բուժման համար։
Ոգեթուրմ։ 2 ճ/գ մանրացրած տերևը 10 օր թրմեք 200 մլ օղու մեջ, սենյակային պայմաններում, քամեք։ Օգտագործեք թրջոցների ձևով և վերքերը մաքրելու համար։

Ժողովրդական դեղատոմսեր, խորհուրդներ
Ստամոքսի խոց. Խմեք կալանխոէի հյութ` 1-ական թ/գ, օրը 3 անգամ։ Շարունակեք 1 ամիս, անցեք համապատասխան բուժզննում, դրական արդյունքն ամրապնդելու համար պահպանեք անհրաժեշտ սննդակարգ։
Սինուսիտ. Թարմ հյութը լուծեք եռջրի մեջ (1։2), կատարեք լվացում` քաշեք քթի մեջ և հեռացրեք բերանից։ Շարունակեք 1 շաբաթ։
Վարիկոզ. Մանր կտրատեք տերևները, լցրեք ապակե տարայի կեսը, իսկ մնացած ծավալը լրացրեք օղիով, 10 օր թրմեք սենյակային պայմաններում` մութ տեղում, տարան պարբերաբար թափահարեք, քամեք։

Ոգեթուրմը ներմերսեք ոտքերին. սկսեք ոտնաթաթից։ Նվազեցնում և վերացնում է ցավերը։ Երկարատև, կանոնավոր օգտագործման դեպքում զգալիորեն կնոսրանա երակների վարիկոզ ցանցը, շարունակեք 3-5 ամիս։
Ֆիզիկական և մտավոր հոգնածություն. Դանդաղ ծամեք և կուլ տվեք 2-3 ճ/գ կալանխոէի թարմ տերև։ Անհամեմատ արդյունավետ է, քան սուրճը, վերականգնում է աշխատունակությունը։
Տուբերկուլյոզ. Թարմ հյութը լուծեք ջրի մեջ (1։3), խմեք 1-ական ճ/գ` օրը 2 անգամ, ուտելուց հետո։
Ստամոքսի, երիկամների բորբոքումներ. Խմեք 1-ական թ/գ թարմ հյութ` օրը 3 անգամ։
Մաստիտ, բարձր ջերմություն. Այտուցված գեղձերի վրա դրեք թրջոց թարմ հյութով` օրը 3 անգամ։
Այրվածք. 1 թ/գ թարմ հյութը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, մշակեք վերքը։
Թարախային վերքեր, հերպես, այրվածք. Վերքի վրա կաթեցրեք 2-3 կաթիլ թարմ հյութ` օրը 5-6 անգամ։ Շարունակեք 1 շաբաթ։
Լնդերի բորբոքում, ստոմատիտ. 1-2 թ/գ թարմ հյութը լուծեք 100 մլ տաք ջրի մեջ, կատարեք ողողումներ։
Կոպերի բորբոքում. Կաթեցրեք կոպի վրա 1-2 կաթիլ թարմ հյութ` օրը 3-4 անգամ։
Ականջի բորբոքում, ցավ. Կաթեցրեք հիվանդ ականջի մեջ 1-2 կաթիլ թարմ հյութ` օրը 3-4 անգամ։
Գրիպ. Որպես նախապահպանություն գրիպի համաճարակից` կալանխոէի թարմ հյութով մշակեք քթի լորձաթաղանթը (2-3 կաթիլ)։ Աճեցրեք տանը կալանխոէ դեգրեմոնի մի քանի բույս` տարբեր սենյակներում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս