Տիգրան Խզմալյան. Հայաստանի Հանրապետությունը վերացավ, փոխարենը մենք ունենք Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Տեղի ունեցավ մի մեծ փոխանակում-գործարք. Հայաստանի Հանրապետությունը վերացավ, և փոխարենը մենք ունենք Հայաստանի Հանրապետական կուսակցություն»: Այս միտքը ռեժիսոր, Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանինն է, ով 168.am-ի հետ զրույցում խոսեց իշխող Հանրապետական կուսակցության այսօրվա համագումարի և Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ելույթի մասին:

ՀՀԿ 15-րդ համագումարին, ըստ ավանդույթի, իր խոսքն ասաց նաև Սերժ Սարգսյանը` անդրադառնալով երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, հիմնախնդիրներին և մարտահրավերներին: Սակայն Սերժ Սարգսյանն առաջին հերթին հարկ համարեց խոսել Հանրապետական կուսակցության և երկրում նրա դերակատարության մասին:

ՀՀԿ ղեկավարի խոսքերով` Հանրապետական կուսակցությունը մեր երկրի ամենամեծ և հոծ հասարակական կառույցն է, և հասարակության մեջ գնալով փոխվում է Հանրապետականի ընկալումը:

Մեկնաբանելով Սարգսյանի այս միտքը` Տիգրան Խզմալյանը կարծիք հայտնեց`ինչ-որ չափով ընկալումն, իհարկե, փոխվել է, բայց երևի ոչ այն իմաստով, ինչպես իրենք կցանկանային:

Կարդացեք նաև

«Կարծում եմ` տեղի ունեցավ մի մեծ փոխանակում-գործարք. Հայաստանի Հանրապետությունը վերացավ, և փոխարենը մենք ունենք Հայաստանի Հանրապետական կուսակցություն, որը հանդիսանում է Խորհրդային միության Կոմունիստական կուսակցության (КПСС) մասնաբաժինը: Ժամանակին հետխորհրդային վարչապետներից մեկը` պերճախոս Վիկտոր Չեռնոմիրդինն ասել էր, որ «այս տարածքում (նկատի ունի հետխորհրդային տարածքը) ինչ կուսակցություն էլ ստեղծես, միևնույն է, ստացվում է կոմունիստական կուսակցություն»»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Խզմալյանն այս վիճակը նմանեցրեց մի հին անեկդոտի հետ, երբ մի բանվոր, մանկական սայլակներ արտադրող խորհրդային գործարանից գողանալով արտադրամասեր, փորձում է ինչ-որ բան սարքել, բայց ինչ էլ հավաքում է, ստացվում է Կալաշնիկով ինքնաձիգ. «Լինի Ռեգիոնների կուսակցությունն Ուկրաինայում, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Ռուսաստանում կամ միջինասիական երկրների կուսակցությունները, անունները կարող են տարբեր լինել, բայց իմաստը նույնն է` իրականում դրանք ոչ թե կուսակցություններ են, այլ իշխանությունը, որն իրեն փորձում է հարմարեցնել ժամանակի կանչին»:

Իսկ այն հանգամանքը, որ, ըստ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, Հանրապետականի ընկալումը փոխվում է հատկապես Հայաստանի երիտասարդների շրջանում, Տիգրան Խզմալյանի կարծիքով` նշանակում է, որ իշխանությունը, ոչ միայն ուզում է պահպանել «ՀՀԿ-ի ծերացող, մառազմի հասած խորհրդային ժամանակի գործիչներին», այլ, «Կոմկուսից» բացի, ուզում է նաև ստեղծել «Կոմսոմոլ» և փչացնել երիտասարդությանը.

«Մենք արդեն տեսնում ենք այդ հաստավիզ և լկտի պահվածքով երիտասարդներին, ովքեր շուտ կողմնորոշվեցին և արդեն երիտասարդ տարիքից մտածում են ոչ թե ուսմունքի, ժողովրդին և երկրին ծառայելու, այլ սեփական գործերը «դզել-փչելու» մասին, և դիտում են պետությունը` որպես անձնական հարստացման միջոց: Դրանք խորհրդային տարիներին էլ եղել են. մենք հիշում ենք այդ կոմերիտականներին, որոնք հետո գնում էին կա´մ «КГБ», կա´մ կուսակցական աշխտանքի: Այժմ, փաստորեն, վերարտադրությունն արդեն անցել է մյուս սերնդին: Սա, իհարկե, կարելի է նաև մանկապղծություն անվանել, բայց էդ էրեխեքն արդեն անհույս են: Պետք է ուրիշ բաների մասին մտածել` ինչպես պահպանել պետականությունը, անկախությունը և ազատությունը: Պետք է մտածել հեղափոխության մասին»:

Մյուս կողմից` Սերժ Սարգսյանն ասում է` «իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը, որքան էլ իրար քննադատեն, թշնամիներ չեն», «իշխող քաղաքական ուժն ու ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը», և «Հանրապետականը խրախուսելու է նաև այլ քաղաքական դերակատարների համախմբումը` քաջ գիտակցելով, որ ուժերի համադրումը, բյուրեղացումն ու միակցումը զարգացման օբյեկտիվ հրամայականն են»:

«Անշուշտ, նկատի ունի ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին և մյուս կուսակցություններին, որոնք վաճառվել են: Այսինքն՝ դա գործարքի առաջարկ է` ովքեր մեր կողմ կանցնեն, կգան մեր ճամբար, կստանան իրենց տեղը կերակրատաշտի մոտ: Այդ իմաստով ոչինչ չի փոխվել,- մեկնաբանում է Նախախորհրդարանի ներկայացուցիչը: – Փաստորեն, մենք տեսնում ենք 22-23 տարի ընթացող գործընթացի ավարտը, քանի որ իրենք ձգտում են ոչ թե փոփոխությունների, այլ վերարտադրման: Սա պսակն է վերարտադրման, որը դրվելու է մեր` Հայաստանի Հանրապետության շիրիմին: Ինչպես սկզբում նշեցի, Հայաստանի Հանրապետությունը փորձում են վերածել Հայաստանի Հանրապետական կուսակցության, և Հայաստանի նախագահն արդեն վաղուց միայն Հանրապետական կուսակցության նախագահն է, այլ ոչ թե ՀՀ-ի:

Սա ծրագիր է: Բավական է նայել իրենց հոգևոր և նյութական տերերին Ռուսաստանից, որոնք արդեն անցել են այդ ճանապարհը` «НАШИ», «Երիտասարդ Ռուսաստան» շարժումներ: Այդ առումով հիմա մենք գործ ունենք «երիտհայերի» հետ: Եվ իշխանության քայլերն արտաքին քաղաքականության դաշտում միայն հաստատում են իրենց «երիտհայությունը»»:

«Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի՝ ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի Հանրապետականին՝ վստահ լինելով, որ նրա օգնությամբ իր մեծ ու փոքր խնդիրները կմտնեն մշակվող և իրականացվող քաղաքականության օրակարգ»,- ՀՀԿ-ի համագումարում ասում է Սերժ Սարգսյանը:

Այն փաստը, որ իշխող կուսակցության ղեկավարը և Հանրապետության նախագահը քաղաքացուն, գյուղացուն օգնելու միջոց է դիտարկում ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինները, այլ, առաջին հերթին, տեղի Հանրապետական կառույցը, արդյոք չի՞ նշանակում, որ իշխանությունն այլևս սկսել է անթաքույց կերպով իրեն նույնացնել պետության հետ:

Ի պատասխան այս դիտարկմանը` Տիգրան Խզմալյանն ասում է.
«Պատկերացրեք` ես անգամ կպատասխանեմ՝ ոչ, որովհետև եթե իրենք իրենց նույնացնում են որևէ պետության հետ, ապա դա մեր պետությունը չէ, դա Ռուսաստանի Դաշնությունն է, որի կազմի մեջ մտնելու համար իրենք հարմարեցնում են մնացորդ ավերածությունները, որոնք պահպանվել են վերջին 25 տարիների թալանից հետո:

Նրանք պատրաստում են թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականությունը. արդեն հանձնվել է տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, կապը, հիմա արդեն պետական կառույցներն են հարմարեցվում: Իսկ առանցքային դերակատարություն ունեցող Ազգային անվտանգության ծառայությունը արդեն վաղուց անթաքույց կերպով կատարում է ռուսական «ФСБ»-ի հայաստանյան բաժանմունքի դերը:

Մեզ դե ֆակտո տանում են մի իրավիճակի, որը հետո մի գրչի հպմամբ Հայաստանը դե յուրե կմիացնի Ռուսաստանին, եթե, իհարկե, մենք չապստամբենք, ինչին ես չեմ կասկածում»:

Տեսանյութեր

Լրահոս