Բաժիններ՝

Երևանը ռուսների համար հարմար տեղ չէ

Ռուսական «Ֆորբսը» բավականին հետաքրքիր մի վարկանիշային աղյուսակ է կազմել` նախկին ԽՍՀՄ-ի ո՞ր քաղաքներն են ավելի հարմար ռուսաստանցի գործարարներին` բիզնեսով զբաղվելու համար։ Այլ կերպ ասած` սա ռուսների սեփական «Doing Business»-ն է, որը քաղաքները դիտարկում է ռուս գործարարների շահերի տեսանկյունից։

Ուսումնասիրության հեղինակները խոստովանում են, որ արդյունքներն իրենց զարմացրել են: Կարծում ենք` Հայաստանի ընթերցողներին նույնպես կզարմացնեն։
Միանգամից նշենք, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, Մաքսային միությանն անդամակցել պատրաստվող, ռուսերենի իմացությամբ և ռուսամետ տրամադրվածությամբ մարդկանց քանակով առաջատար դիրքեր զբաղեցնող Հայաստանի մայրաքաղաքն այս ցանկում 8-րդն է։ Ռուս գործարարների համար ամենահարմար վայրը Մինսկն է։ Դա զարմանալի չէ։ Զարմանալին մյուս քաղաքներն են, որոնք Երևանից ավելի բարձր տեղ են զբաղեցրել։ Երկրորդ տեղում Էստոնիայի մայրաքաղաք Տալինն է, երրորդում` Վիլնյուսը (Լիտվա)։

Մերձբալթյան երրորդ մայրաքաղաքը` Ռիգան, նույնպես մեզանից առաջ է` 6-րդ տեղում։
Հենց սա է զարմացրել հետազոտության հեղինակներին։ Փաստորեն, ԵՄ անդամ մերձբալթյան երկրների մայրաքաղաքները, որոնք, թվում է, շատ ավելի են հեռացել Ռուսաստանից, ռուս գործարարների համար ավելի նախընտրելի են, քան Երևանը։
Հետազոտության հեղինակները եվրոպական քաղաքների այս առավելությունն անվանել են արևելյան փակուղի։

Իսկ ինչպե՞ս է ստացվել այս պատկերը։ Գնահատումը կատարվել է 8 չափանիշների հիման վրա։ Դրանք ներառում են ոչ միայն երկրների սոցիալ-տնտեսական վիճակը, այլև ռուսերենի տարածվածությունը, անվտանգությունը (հակամարտությունների, զինված բախումների հավանականությունը) և այլն։

Աղյուսակում մանրամասն ներկայացված են բոլոր 20 քաղաքները` ըստ չափանիշների։ Որքան միավորը ցածր է, այնքան տվյալ քաղաքը հարմար է ռուսաստանցիներին` բիզնեսով զբաղվելու համար։

axyusak-forbes

Օրինակ, հենց առաջին չափանիշով` հարստությամբ (մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ, միջին աշխատավարձ, ռեստորանների քանակ և այլն), Երևանը 11-րդ տեղում է` 14.8 միավորով։

Երևանը բավականին լավ ցուցանիշ ունի ռուսաստանցիների համար` բիզնես միջավայրի առումով։ Դա իր մեջ ներառում է վիզային ռեժիմը, ռուսաստանցիների կողմից գույք ձեռք բերելու ընթացակարգերը, մաքսային կարգավորումները երկու երկրների միջև։ Այս ցուցանիշով ՀՀ մայրաքաղաքն ունի 6.2 միավոր և 5-րդ տեղում է։ Լավ ցուցանիշ ունենք նաև մեկ ձեռնարկությանն ընկնող հարկային բեռի մասով։ Այս երկու ցուցանիշներով էլ մենք ավելի առաջ ենք, քան մերձբալթյան երկրների մայրաքաղաքները։ Սակայն ընդհանուր հաշվարկում նրանք ավելի հարմար են ճանաչվել` ֆինանսական համակարգի, ենթակառուցվածքների զարգացման և անվտանգության շնորհիվ։

Ֆինանսական համակարգ ասելով` հետազոտության հեղինակները նկատի ունեն վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Սա մեր թույլ կետերից մեկն է։ Այս ցուցանիշով 20 քաղաքների շարքում Երևանը 12-րդ տեղում է։ Փաստորեն, ռուսաստանյան «Ֆորբսի» մասնագետների կարծիքով` ՀՀ բանկային համակարգը լավ չի աշխատում և բավարար չափով չի կատարում ֆինանսական միջնորդության գործառույթը։ Երևանի ցուցանիշը վատն է նաև աշխատանքային ռեսուրսների առումով, որում հաշվի է առնվում գործազրկության մակարդակը։

Ռուսաստանի հետ կապեր կոչվող ցուցանիշով միջին տեղ ենք գրավում։ Սա իր մեջ ներառում է ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, քաղաքի բնակչության մեջ ռուսների տեսակարար կշիռը (Երևանի համար` 0.6%), Ռուսաստանի դեսպանության, հյուպատոսության կամ առևտրային պալատների առկայությունը։
Ն

շենք նաև, որ «Ֆորբսը» յուրաքանչյուր քաղաքի համար տվել է մի քանի տողանոց կարճ նկարագրություն, մի թվային ցուցանիշ, որը խորհրդանշական է համարվել, և մեկ փաստ։ Օրինակ` Աստանայի համար նշվում է 2ո և պարզաբանվում, որ քաղաքում գործում են թվով երկու Burger King ռեստորաններ։ Տալինի համար նշվել է 0% – դա այն դրույքաչափն է, որով հարկվում է բիզնեսի չբաշխված (կամ ներդրմանն ուղղված) շահույթը։

Երևանի համար խորհրդանշական է համարվել 1.87 միլիարդ դոլարը։ «2013 թվականին մասնավոր դրամական փոխանցումները դեպի Հայաստան կազմել են 1.87 միլիարդ դոլար, որը համադրելի է երկրում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալին»,- նշվում է պարզաբանման մեջ։ Իսկ որպես փաստ` առանձնացվել է այն, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 24.3%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Փաստորեն, այս հետազոտությունը բերում է մի տարօրինակ եզրահանգման` հայերը ձգտում են դեպի Ռուսաստան (հատկապես Մոսկվա), իսկ ռուս գործարարներին ձգում են ավելի շատ եվրոպական երկրները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա)։
Եվս մի հետաքրքիր հանգամանք։ Թվով 6 երկրների մայրաքաղաքներ (չհաշված հենց Ռուսաստանը) ռուսաստանցի գործարարների համար ավելի հարմար վայր են ճանաչվել, քան Երևանը։ Մինչդեռ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing Business» զեկույցի համաձայն` գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից նախկին ԽՍՀՄ երկրների շարքում Հայաստանը 5-րդ տեղում է։ Առաջատարը Վրաստանն է, որը «Doing Business»-ի ընդհանուր վարկանիշում 8-րդն է։ Նրան հաջորդում են Լիտվան (17-րդ տեղ), Էստոնիան (22-րդ) և Լատվիան (24-րդ)։ Հայաստանը 37-րդ տեղում է։ Ղազախստանը` 50-րդ, Բելառուսը` 63-րդ, իսկ Ռուսաստանը` 92-րդ։

Կամ, ասենք, Կիևը, որտեղ բախումները դեռևս չեն դադարում, իսկ հակառուսական տրամադրությունները ծայրահեղ աստիճանի սրված են, ռուսաստանցի գործարարների համար ավելի հարմար վայր է, քան Երևանը։ Մինչդեռ «Doing Business»-ի ընդհանուր վարկանիշում Ուկրաինան 112-րդ տեղում է։

Իհարկե, «Forbes»-ը դիտարկել է քաղաքները, իսկ Համաշխարհային բանկը գնահատում է երկրները։ Սակայն հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական շարժը կենտրոնացած է հիմնականում հենց նշված քաղաքներում, կարելի է զուգահեռ անցկացնել։
Իսկ այդ զուգահեռը ցույց է տալիս, որ աշխարհն ու Արևմուտքն ավելի բարձր են գնահատում Հայաստանում բիզնես անելու հնարավորությունը, քան Ռուսաստանը։

Նշենք նաև, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` ՀՀ տնտեսության մեջ Ռուսաստանից կատարված ուղղակի ներդրումները կազմել են 58.6 միլիոն դոլար։ Ֆրանսիան նախորդ տարի ՀՀ իրական տնտեսության մեջ կատարել է 99.1 միլիոն դոլարի ուղղակի ներդրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս