Այսօրվա ոստիկանությունը նախընտրում է թափանցիկ և հրապարակային աշխատանքը
Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ոստիկանության լրատվական ծառայությունը, հիմնականում տեղեկատվությունը տրամադրում է բանավոր՝ ի շահ լրագրողների. «Գրավոր պահանջում ենք միայն այն դեպքում, երբ հաշվետություն, թվեր պետք է ներկայացնենք»:
Նա նշեց, որ իրենց նոր կայքը բավական ակտիվ տեղեկատվություն է տրամադրում. «Մենք ինքներս փորձեցինք հասկանալ դրա արդյունքը, թե ինչ այն բերեց: Լրագրողների զանգերն իմ հեռախոսահամարին 50%-ով կրճատվել են: Մենք ցանկացած դեպք արագ դնում ենք այնքանով, որքանով այդ պահին կարող ենք տրամադրել տեղեկատվություն»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ հաճախ լինում են դեպքեր, որ դեպքի մասին տեղեկատվությունը դրվում է հաջորդ օրը, երբ ոչ կայքերին ու ոչ էլ թերթերին արդեն հարկավոր չէ այդ տեղեկտվությունը, Ա. Ահարոնյանը պատասխանեց. «Մենք կայքում տեղադրում ենք ոչ թե այն սկզբուքով, որ դա կայքերին հարկավոր է, թե ոչ, այլ սկզբունքով՝ այդ պահին տեղեկատվություն տրամադրելը կխանգարի՞ քննությանը, թե՞ ոչ: Բոլոր իրավապահները հասկանում են, որ շատ հաճախ տեղեկատվության տրամադրումը կարող է խանգարել քննությանը: Եվ մենք, հանդիսանալով լրատվական ծառայություն, պաշտոնատար անձ, քննիչը կարող է մեզ մեղադրել նախաքննական գաղտնիքը բացահատելու մեջ»:
Լինում են նաև դեպքեր, երբ լրատվական կայքը զանգահարում է ոստիկանություն՝ լուրը ճշտելու նպատակով, ոստիկանությունը հաստատում է, սակայն այդ մասին կայքում հրապարակում է տեղադրում հաջորդ օրը: Այս առնչությամբ Ա. Ահարոնյանն ասաց, որ լուր հաստատելն այլ բան է, մանրամասները կայքում տեղադրելը՝ այլ բան. «Եթե լրագրողը զանգում է, ասում, որ այս ինչ փողոցում այս ինչ միջադեպը եղել է, դուք հաստատո՞ւմ եք, ասում ենք՝ այո հաստատում ենք, կատարվում է քննություն: Բայց կայքում, մենք չենք կարող դնել այդ հակիրճ ինֆորմացիան: Այսօրվա ոստիկանությունն այն կարծիքին է, որ ինչքան թափանցիկ և հրապարակային աշխատեն, այնքան ավելի ճիշտ է»:
Անի Քեշիշյան