Ժիրայր Սեֆիլյանին ԱԱԾ-ն սպառնացել է արտաքսել երկրից. Նախախորհրդարան
Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սեֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:
«Նրա խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից:
Ընդ որում՝ բարձրաստիճան սպան բաց տեքստով նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու վերաբերյալ այս սպառնալիքի հրապարակայնացումը որևէ կերպ չի կասեցնի դրա իրագործումը:
Այս երևույթը շատ խորը արմատներ ու պատճառներ ունի, սակայն Նախախորհրդարանը դրանց կանդրադառնա հետագայում՝ ըստ անհրաժեշտության:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանից արտաքսելու մտադրության պատճառը ոչ թե Քեսաբի ազատագրման հարցում նրա ենթադրյալ կազմակերպական միջամտությունն է, այլ ռեժիմին հեռացնելուն ուղղված նրա գործողությունները:
Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեր ժողովուրդը դիմավորելու է առանց ռեժիմի՝ ազգային պետության տանիքի ներքո:
Ժամանակի հետհաշվարկն սկսված է: Ռեժիմին մնացել է ոչ ավել, քան 48 շաբաթ»,- ասվում հայտարարության մեջ: