Ռոուհանին ազգային միասնության կոչ է արել` միջուկային հարցում Արևմուտքին հաղթելու համար

Իրանական IRIB պետական հեռուստատեսության փոխանցմամբ` ամեն տարվա մայիսի 24-ին Իրանում նշում են Խորեմշահր նավահանգստային քաղաքն իրաքցիներից ազատագրելը: 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ իրաքցիները Խորեմշահր քաղաքը գրավել են 1980 թվականի հոկտեմբերի 26-ին:

Իրանական կողմին հաջողվել է քաղաքն ազատագրել 1982 թվականի մայիսի 24-ին: Դրա հետ կապված` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ազգային միասնության կոչով դիմել է ժողովրդին` հաղթանակի հասնելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ վեճում.

«Մենք թշնամիներին թույլ չենք տա ոտնահարել մեր խաղաղ միջուկային իրավունքները»: Նախագահի խոսքերով` Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի ղեկավարությամբ ու ազգային միասնության առկայության դեպքում հնարավոր կլինի հաղթանակը:

Ռոուհանին ընդգծել է, որ Իրանը «Վեցյակի» հետ բանակցում է «տրամաբանության ու համոզմունքների» շրջանակներում` հույս հայտնելով, որ բանակցային գործընթացում կգրանցվի առաջընթաց:

Տեսանյութեր

Լրահոս