Բաժիններ՝

Ոստիկանությունն առաջարկում է լրագրողներին տարբերանշաններ կրել

Այսօր Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը խոսեց ԶԼՄ-ներ-ոստիկանություն կապի և փոխգործակցության մասին:

Ահարոնյանն այն կարծիքին է, որ տարբեր միջոցառումների ժամանակ լրագրողնեը տարբերանշան կամ առանձնանալու որևէ բան կրեն. «Դա, իրոք, մեզ համար շատ կարևոր է, քանի որ խնդիրն այն չէ, այդ դեպքում ոստիկանը բռնություն չի կիրառի: Ոստիկանը բռնություն ընդհանրապես չպետք է գործադրի: Պարզապես, այս դեպքում իրավիճակ է փոխվում, իրավական գնահատական է տրվում, որովհետև մասնակցի նկատմամբ ուժ կիրառելն այլ բան է, իսկ եթե դուք լրագրող եք, արդեն գալիս է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը: Որպեսզի ոստիկանը հասկանա, որ ինքը խոչընդոտում է, պետք է կարողանա տարբերակել՝ որոնք են լրագրողներ, որոնք մասնակիցներ: Մենք ունեցել ենք հանրային քննարկումներ ԶԼՄ-ների պատասխանատուների մակարդակով և այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկանք: Ոստիկանությունը առաջարկում էր, որ լրագրողները միջոցառումներին անպայման ունենան տարբերանշաններ: Ճիշտ է, հայտարարի չեկանք, բայց գտնում եմ, որ դա շատ կարևոր է»:

Ա. Ահարոնյանն ասաց, որ ինքը դեկտեմբեր ամսին Կիևում էր (հայտնի դեպքերի ժամանակ), ոստիկանությունը ժիլետներ էր տրամադրում լրագրողներին, որպեսզի նրանք տարբերվեն մյուսներից. «Սկզբում լրագրողները հրաժարվեցին: Իսկ երբ 20 լրագրող տուժեց, հաջորդ օրը այնքան դիմողներ եղան, որ ստիպված պատվիրեցին նոր ժիլետներ: Այսինքն մենք չենք ուզում, որևէ խնդիր լինի, որից հետո մենք հասկանանք: Մենք ուրիշի փորձից էլ կարող ենք որոշակի եզրակացությունների գալ»:

Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս