
Իրանում մահապատժի են ենթարկել բանկային խոշոր մեքենայություններ գործած միլիարդատեր Խոսրավիին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի իշխանություններն իրագործել են Մահաֆարիդ Ամիր Խոսրաֆիի մահվան դատավճիռը, ով մեղավոր էր ճանաչվել բազմամիլիարդ բանկային մեքենայություններ գործելու մեջ: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Մահապատիժն իրականացվել է այսօր առավոտյան, Թեհրանի հյուսիսում ընկած Էվինի բանտում: Բանկային ոլորտում խոշոր մեքենայությունների գործի քննումը մեկնարկել էր 2012 թվականի փետրվարին: Հետաքննությունը պարզել էր, որ «Ամիր Մանսուր Արիա» ընկերության, որը պատկանում է Խոսրավիին, մեքենայությունների շնորհիվ հաջողվել է յուրացնել 2.6 միլիարդ դոլար:
Բացի Խոսրավիից, խոշոր մեքենայությունների գործով անցել է 30 մարդ, որոնցից 3-ին սպառնում է մահապատիժ: Ամբաստանյալներից շատերն ուղիղ կապեր են ունեցել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարության հետ: Ավելին, տվյալ գործով որպես վկա հարցաքննվել է ինքը` Ահմադինեժադը: