Կիևը պետք է երկխոսության գնա հարավ-արևելքի հետ. Չուրկին
BBC-ին տված հարցազրույցի ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր իշխանություններին անհրաժեշտ է երկխոսություն սկսել երկրի հարավ-արևելքի շրջանների հետ` ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար:
Պատասխանելով Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեներից հետո տվյալ մարզերը Ռուսաստանի կազմում հնարավոր ներառման մասին հարցին` Չուրկինը հայտարարել է.
«Ռուսաստանի կազմում Դոնեցկը ներառելն այն չէ, ինչն անհրաժեշտ է քննարկել այժմ: Պետք է քննարկել հարավ-արևելքում հատուկ գորոծղության դադարեցումը և իրավիճակի կարգավորումը: Անհրաժեշտ է երկխոսություն (Կիևի ու շրջանների միջև), սակայն Կիևը չի ցանկանում գնալ այդ երկխոսությանը»:
Չուրկինն ընդգծել է, որ չնայած ստեղծված իրավիճակին` Ռուսաստանի ու Կիևի միջև շփումները շարունակվում են աշխատանքային մակարդակով, ինչը մասնավորապես վերաբերում է էներգետիկայի նախարարներին: