Անկարայում ու Ստամբուլում անցկացվել են բողոքի ակցիաներ` կապված Սոմայի ածխահանքի աղետի հետ
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` անցած գիշեր բողոքի ակցիաներ են անցկացվել Ստամբուլում ու Անկարայում: Ակցիայի մասնակիցները բողոքել են Մանիսա նահանգի Սոմայի ածխահանքի աղետի հետևանքով հանքափորների զոհվելու դեմ:
Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ: Սոմայի ածխահանքի աղետի կապակցությամբ մայիսի 22-ից Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ արդեն իսկ զոհվել է երկու ցուցարար:
Նրանցից մեկի դեպքում մահվան պատճառ է հանդիսացել այն, որ ոստիկանների արձակած ռետինե գնդակներից մեկը կպել է նրա գլխին, իսկ երկրորդ ցուցարարը զոհվել է այն ժամանակ, երբ ցուցարարներն ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել Օքմեյդանում:
Սոմայի ածխահանքի աղետի հետևանքով զոհվել էր 301 և տուժել էր 486 մարդ: