Տիմոշենկոն առաջարկել է հունիսի 15-ին անցկացնել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն առաջարկել է հունիսի 15-ին անցկացնել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության վերաբերյալ համաուկրաինական հանրաքվե: Ընդ որում, հունիսի 15-ին կարող է տեղի ունենալ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Տիմոշենկոն կարծում է, որ անհրաժեշտ է ընդունել ռազմավարական որոշում. «Դա ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության ու պաշտպանության համակարգին Ուկրաինայի անդամակցության մասին որոշումն է: ՆԱՏՕ-ն անվտանգություն է ու խաղաղություն: ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հուսալիորեն պաշտպանված են ագրեսիայից»:
Տիմոշենկոն ընդգծել է, որ ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չունի ընդունել ռազմավարական այդպիսի որոշում՝ առանց ժողովրդի կամքի, ինչի համար էլ ինքն առաջարկում է հունիսի 15-ին անցկացնել պատմական, ճակատագրական հանրաքվե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու մասին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ուկրաինայի նախագահի թեկնածու, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն դեմ էր արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն: Միևնույն ժամանակ Պորոշենկոն կողմ էր արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուն: