
Ադրբեջանում խուզարկել են Ռաուֆ Միրկադիրովի ծնողների բնակարանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության աշխատակիցներն այսօր խուզարկել են կալանքի տակ գտնվող Ռաուֆ Միրկադիրովի ծնողների բնակարանը:
Դա իրականացվել է առանց փաստաբանների ներկայության: Այս մասին լրագրողներին հայտնել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաևը՝ ընդգծելով, որ խուզարկությունն իրականացվել է այնտեղ, ուր վաղուց չի բնակվում Միրկադիրովը:
Միրկադիրովի հայրն արդեն իսկ 84 տարեկան է, լրագրողի ծնողները տառապում են տարբեր հիվանդություններից: Խուզարկությունը տևել է 10 րոպեից ոչ ավելի: Դրա արդյունքում հետաքննության համար նշանակալից որևէ բան չի հայտնաբերվել: