«Պայքարը պետք է վերածել հանուն Հայաստանի պայքարի». Աշոտ Մանուչարյան
Հարցազրույց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ
– Պարոն Մանուչարյան, ո՞րն է ժողովրդի կողմից այս նոր ընդվզման ֆենոմենը:
– Այն, որ ժողովուրդն ընդվզած է, դա կախված չէ ընտրություններից, ուղղակի կան ընդվզման դրսևորման տարբեր ձևեր. օրինակ` դրսևորման ձևերից մեկը նաև այն է, որ մարդիկ հեռանում են երկրից, մյուսն այն է, որ ինքնամփոփվում են և ոչնչի հետ չեն ուզում որևէ առնչություն ունենալ, և այլն: Այսինքն՝ իրենց համար օտար է այն ամենը, ինչը ստեղծվել է այստեղ՝ որպես կյանք, որպես պետական, իշխանական, քաղաքական համակարգ: Բայց այն պահին, երբ հանկարծ լինում է մի իմպուլս, որ համակարգերից մեկը, օրինակ` քաղաքականը, հասարակականը սկսում է աշխատել, ժողովուրդը միանգամից հայտնվում է, որովհետև ինքը որոշել է փոխել իր կյանքը, իր երկիրը: Սա իր հետ որևէ կապ չունի, իրենից դուրս, իրեն թելադրված լրիվ օտարածին մի բան է, որը պետք է կոտրվի, դուրս շպրտվի: Այդպես էլ լինելու է, պարզապես խնդիրն այն է` որքան շուտ, որքան արդյունավետ ձևով կարող ենք դուրս գալ այդ համակարգի շրջանակից, որովհետև անդադար լինում են հեշտ ելքերի առաջակներ` «Պողոսին փոխենք՝ ամեն ինչ նորմալ կլինի», և այլն: Մինչդեռ խնդիրը պահանջում է խորքային լուծում: Դա չի նշանակում, որ Պողոսին պետք չէ փոխել, բայց դա նշանակում է, որ միայն Պողոսին փոխելով` չես լուծի խնդիրը: Պետք է պատկերացնել խնդրի լուծումը:
– Դուք ասում էիք, որ ժողովուրդը ոտքի է կանգնում միայն այն ժամանակ, երբ տեսնում է իրական ընտրանի, ում ետևից կարող է գնալ: Այժմ ընդվզած ժողովուրդը գտա՞վ իր ընտրանուն:
– Ես նկատի եմ ունեցել ոչ թե իրական ընտրանին, այլ մարդկանց, քաղաքական գործիչների իրատես շրջանակ, որը կարող է մի բան փոխել երկրում: Իրական ընտրանին շատ ավելի դժվար է տեսնել, բայց հնարավոր է: Ժողովուրդը հակված է ավելի հեշտ պատասխաններ տալ` «այսօր Պողոսը վատ քաղաքականություն է տանում, նրան փոխենք և լինի»: Ժողովրդին հետաքրքրում է` իրական ուժը կարո՞ղ է փոփոխություններ կատարել: Բավական չէ, որ նա սիրուն է, լավն է, խելացի է, կարծես ազնիվ է, և այլն: Իսկ կարո՞ղ է: Հիմա ժողովուրդն այսպիսի վիճակում է` իր մեջ գնալով ավելի վճռական է որոշում, որ սա հենց այդ պահն է, որ ինքն ի զորու է ձևավորել մի ուժ, որը կարող է փոխել այս վիճակը, և գնում է այդ փոփոխության:
– Այդ դեպքում` ի՞նչը պետք է առաջին հերթին փոխվի:
– Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն համակարգը, որը մեր վզին փաթաթվեց, և մենք ուրացանք մեր էությունը, ինքներս մեզ դավաճանեցինք, դավաճանեցինք 1988-ին ստեղծած մեր համակարգը, որը թե՛ մեր, թե՛ մարդկության ապագան է`ինքնակառավարվող և ինքնակազմակերպված ժողովուրդ, ժողովուրդը` որպես մեկ մարմին, որն ունի իր միտքը, ոգին և կամքը: Մենք սա դրեցինք մի կողմ, վերցրեցինք արդեն մեռնող ժողովրդավարության այն մոդելը, որը տալիս էր Արևմուտքը: Իսկ այդ մեռնող համակարգի էությունը խարսխված է երեք ֆունդամենտալ հենասյուների վրա` մեկն անվանենք պոռնկատուն, մյուսը` խաղատուն, և երրորդը` ընտրություններ: Պարզաբանեմ. այն հեքիաթը, որը մեզ պատմում են, թե մոլորակի վրա կա այդպիսի բան` մրցակցային, շուկայական տնտեսություն, այդպիսի բան գոյություն չունի: Իրականում ամբողջը խաղատուն է, որտեղ տարբեր «շուլլերներ» պոկում են իրենցը և տանում` ազգային կյանքից սկսած և մոլորակային գործընթացներով ավարտած: Այսօր այդպիսին է տնտեսությունը: Երկրորդը՝ սպառման համակարգն է, որը ես անվանում եմ պոռնկատուն, այսինքն՝ մարդուց սարքել պոռնկատան մշտական հաճախորդ, դարձնել մարդ, որն անդադար ուզում է սպառել, հաճույքներ ստանալ: Կարծես դրանից դուրս մարդկային բնություն գոյություն չունի, և այս ամբողջ այլանդակ խոսակցությունները դրա հետ են կապված: Եվ երրորդը` մարդու մոտ պետք է ստեղծել պատրանք, թե իր գործերն ինքն է կարգավորում, և, որ հենց ինքն է այս ամենը որոշել: Այդ պատրանքն էլ ընտրությունների այն տեսակն է, որն Ամերիկայից մինչև Չուկոտկա՝ շոու է, մարդկային հասարակության բզկտման մի համակարգ, որովհետև ի՞նչ է ընտրությունը, պայքար, պառակտում, հեռացում մարդկային իրական էությունից: Ահա այս երեք ֆունդամենտալ արժեքների վրա է խարսխված այսօրվա համակարգը: Հարցը հետևյալն է` սրանից հրաժարվենք, ինչի՞ գանք, այն պատկերին, որը մենք ստացել էինք արդեն 88-ին, որն իր մեջ սկզբունքորեն պարունակում էր դրա բոլոր սաղմերը, բայց այսօր արդեն շատ ավելի առաջ ենք գնացել, շատ բան հասկացել ենք: Եվ ի զորու ենք լիովին կատարել այդ ճեղքումը, և դա էլ պետք է անենք:
– Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին մեծ հանրահավաքը տեղի ունեցավ ղարաբաղյան շարժման 25-ամյակի օրը: Արդյոք Դուք տեսա՞ք Ձեր նշած շարժման սաղմերը և ոգին այս նոր հանրահավաքներում:
– Հիմա երկրում, ըստ էության, կա երկու խնդիր. մեկը, ինչպես ասացի, նշածս փիլիսոփայությունը հասկանալն է, մյուսը` պրոցեսը նորից չտալ օտարի ձեռքը: Ես բազմաթիվ անգամ ասել եմ` Հայաստանը թատերաբեմ է, որտեղ բախվում են տարբեր աշխարհակալ ուժեր, Հայաստանն էապես անցել է Միացյալ Նահանգների կառավարման տակ. ըստ էության, չկա որևէ գործընթաց Հայաստանում, որում այս կամ այն չափով մխրճված չէ ԱՄՆ-ը, կարելի է ասել` երկրի թատերաբեմն ամբողջությամբ նրանք են որոշում: Ռուսաստանը, որը փորձում է նրան դիմակայել և այլն, շատ ավելի հետ է մնացել տեխնոլոգիապես, նա շատ բան չի հասկանում, նրան շատ անգամ հատկացված է մի դեր, որն արտասանում է Շտիռլիցը` «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմում. «Роль болвана в польском преферансе»: Սա է Ռուսաստանի դերը շատ և շատ հարցերում: Բայց, բոլոր դեպքերում, դա էլ է շատ վտանգավոր. այն պահին, երբ Ռուսաստանը տեսնի, որ իրեն մոլորեցրել են, իրեն այդ տխմարի տեղն են դրել, նա կարող է դիմել ամենաապակառուցողական գործողությունների: Սրանում է ամերիկյան խաղերի վտանգը Հայաստանում: Մենք պետք է այնպես անենք, որ մեր գործընթացները դուրս բերենք այդ օտար ազդեցություններից և տանենք մեր պայքարը: Եվ դա լիովին հնարավոր է: Հիմա այն, ինչ տեսանք փետրվարի 20-ից սկսած, դրա մեջ կան այս հնարավորության սաղմերը միայն մի դեպքում. եթե այս ամենը չի մնում լոկալ ինչ-որ քաղաքական ուժի տնօրինության տակ: Դա պետք է լինի համաժողովրդական ընդվզում, ժողովուրդը պատրաստ է ընդվզման, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք հիմա խուսափում են դրա մեջ մտնելուց, նպաստում են օտար կառավարման համակարգերի ուժեղացմանը Հայաստանում:
– Իսկ ինչո՞վ ձեռնտու չէ նույն Ռուսաստանին այս իշխանությունը, եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանին ամենաառաջիններից մեկը շնորհավորեց ՌԴ նախագահ Պուտինը, և ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանում Միացյալ Նահանգների կառավարումը:
– Ես նորից եմ կրկնում` ԱՄՆ-ը ամեն ինչի վրա է ազդում, իսկ ինչ վերաբերում է այն հարցին` ինչո՞վ ձեռնտու չէ այս կառավարությունը Ռուսաստանին, հակառակը` Ռուսաստանը ցույց է տալիս, որ դա իր կառավարությունն է, մինչդեռ դա բացարձակապես այդպես չէ, պարզապես և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում խաղարկվում են նմանատիպ սցենարներ: Եվ ինձ համար ուղղակի զարմանալի է, որ պետք է լինես ռուսական պետական այր, որպեսզի այդքան անհեթեթ գնահատականներ և մոտեցումներ ունենաս իրավիճակի վերաբերյալ, ինչպես իրենք ունեն: Բայց խնդիրը հետևյալն է. մենք պետք է կարողանանք ձերբազատվել արտաքին բոլոր տիպի ազդեցություններից: Դրա համար հիշեցնեմ, թե ի՞նչ է եղել 1988 թվականին. 88-ին, երբ շարժման առաջին օրերն էին, մենք էլ հիմա այդ օրերն ենք ապրում, ինչպես ղարաբաղյան շարժման ժամանակ, առաջին դեպքերն այսպես սկսվեցին. միութենական հատուկ ծառայությունները հրահրեցին արտահոսք Կապան քաղաքից: Այնտեղ կար Իսլամ անունով մի մսավաճառ, ով ֆինանսավորում էր տեղում ապրող ադրբեջանցիներին, թե՝ «գնացեք Սումգայիթ, Բաքու, այնտեղ բողոքեք ձեր վիճակից, որ ձեզ այստեղ ճնշում են, էս են անում, էն են անում, և ձեզ այնտեղ բնակարան կտան»: Քանի որ Խորհրդային Միության այդ ժամանակաշրջանն այնպիսին էր, որ բոլոր գյուղական բնակավայրերում ապրողները ձգտում էին ավելի մեծ քաղաքում ապրել, նույնիսկ շրջկենտրոն անցնելն իրենց համար մեծ իրադարձություն էր, ուր մնաց այնպիսի մեծ քաղաք, ինչպիսին Սումգայիթն է, առավել ևս՝ Բաքուն: Խորհրդային Միությունում այդ ժամանակ հնարավոր չէր որևէ իրադարձություն` հատուկ ծառայությունների վերահսկողությունից դուրս: Միակ տարբերակն այն է, որ դա արել են հատուկ ծառայությունները: Ի՞նչն էր նպատակը. հատուկ ծառայությունները Գորբաչովին ասում էին, որ ԽՍՀՄ-ը կփլուզվի այս բոլոր գործընթացների արդյունքում, դրանում նրանք ճիշտ էին, բայց Գորբաչովը չէր ընդունում նրանց փաստարկները և չէր դադարեցնում իր սկսած բարեփոխումների գործընթացը: Այս մարդիկ, իրենց տեսակետից լինելով երկրի նվիրյալները, որոշում են հրահրել գործընթացներ, որոնք կստիպեն Գորբաչովին հրաժարվել բարեփոխումներից: Եվ առաջին քայլը, որը նրանք որոշեցին անել, ազգամիջյան բախումներ հրահրելն էր: Մի անգամ փորձեցին Միջին Ասիայում, ոչինչ չստացվեց, հետո տեսան, որ ավելի տարածվող օղակ է հայ-ադրբեջանական բախում ստեղծելը: Եվ երբ առաջացավ Ղարաբաղի մշտական պահանջը, սկսվեց նամակների հեղեղը` Ղարաբաղը փոխանցել Հայաստանին, դա որոշվեց օգտագործել` ազգամիջյան բախումներ հրահրելու համար: Եվ այդպես էլ կլիներ, եթե գործընթացը մնար իրենց ձեռքում: Իրենց պատկերացրածն այսպես էր. ինչ-որ հազարավոր մարդիկ այս կողմից և այն կողմից, կազմված ջոկատներ իրար սպանում են, դա բերում է հատուկ դրություն մտցնելու, ձերբակալություններ անցկացնելու անհրաժեշտության, և դրանով խափանվում են այդ բարեփոխումները: Բայց հանկարծ Հայաստանում կատարվում է այն, ինչն անսպասելի էր բոլորի համար. մեկ-երկու օրվա ընթացքում մեկ միլիոն մարդ դուրս է գալիս հրապարակ, և այդ գործընթացի տնօրինությունը վերցնում է շատ ակտիվ մտավորականությունը, որի առաջին պահանջներից մեկը հետևյալն էր. մտավորականությունն իրեն ատելությամբ, անեծքով չի պղծել` անգամ Սումգայիթից հետո, ջարդարարին դեմ` այո, բայց հարևան ժողովրդի խաղաղ ներկայացուցչին որևէ մի բան անելն առաջացնում էր հետևալ ռեակցիան` «հո դուք թո՞ւրք չեք»: Եվ Հայաստանում որևէ այդպիսի գործընթաց, այսինքն՝ այն, ինչ ուզում էին հրահրել, չեղավ, ավելին` մտավորականությունը, որը բոլորովին այլ փիլիսոփայություն էր թելադրում իր ժողովրդին` նրան տանելով միասնության, ջերմության ճանապարհով, և այդ ամենը դուրս եկավ այդ ժամանակվա գերտերության հատուկ ծառայությունների վերահսկողությունից:
Այսօր մենք գործ ունենք մի ուրիշ գերտերության հատուկ ծառայությունների հետ, որոնք ողողել են երկիրը, և մի ուրիշ` արդեն տերության հետ (Ռուսաստանը գերտերություն չես անվանի), որը փորձում է բախվել` իր շահերը պաշտպանելու համար: Մենք պետք է կարողանանք գործընթացները դուրս բերել, առաջին հերթին, առավել ակտիվ գերտերության, բայց նաև՝ Ռուսաստանի ազդեցությունից: Սա անելու բանաձևը նույնն է, ինչ որ 88-ին էր. պետք է շատ ակտիվ լինի մտավորականությունը, քննարկի, խոսի իր բոլոր աշխատավայրերում, ինչպես այն ժամանակ էր: Փառք Աստծո, բուհերը դեռ տեղերում են, գիտահետազոտական ինստիտուտները` կրճատված, բայց կան, ստեղծագործական միությունները` խեղճացած, բայց կան, և այլն: Ուրեմն մտքի մարդիկ պետք է սկսեն աշխատել, միևնույն ժամանակ՝ քաղաքական ուժերը պարտավոր են ժողովրդի ընդվզումը և համախմբումը հասցնել առավելագույնի: Սա է ճանապարհը` տանելու անհրաժեշտ փոփոխությունները:
– Իսկ ի՞նչն ավելի մեծ թափ կարող է հաղորդել այս շարժմանը, միգուցե կուսակցությունների միացո՞ւմը, օրինակ` Կոնգրեսի:
– Ինչ վերաբերում է կուսակցություններին, անկասկած, կուսակցությունների միացումը բերում է երկու հետևանքի` մեկն այն է, որ տեսնելով կոնսոլիդացիան` ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնում, երկրորդն այն է, որ դուրս է գալիս արտաքին աշխարհի այս կամ այն գործ կատարողի վերահսկողությունից, որովհետև ամբողջական քաղաքական դաշտն ավելի հավասարակշռված է: Եվ այդ տեսակետից ինչ-որ արհեստական խոչընդոտները` բառերով և այլն, սա լրիվ անընդունելի և անպատասխանատու պահվածք է: Սրա մեջ կա նաև երրորդ գործոնը. միայն ժողովրդի բացարձակ գերակայությունը բերելու է նրան, որ իշխանությունը նույնպես իր հիմնական ուղին, անկախ արտաքին դրդումներից, համարի երկխոսության ճանապարհը: Մենք պետք է առանց ցնցումների ապահովենք անցումն ուրիշ համակարգի: Սրանում արդեն էական դերակատարություն պետք է ունենա մտավորականությունը: Ես հիմա չեմ տեսնում քննարկումների այդ մակարդակը, իհարկե, բոլորը հավաքված խոսում են, բայց, պայմանականորեն ասած, դրանք խոհանոցային քննարկումներ են, դահլիճային քննարկումներ չեմ տեսնում: Դա անընդունելի է, 88-ին քննարկումները գնում էին բոլոր հնարավոր դահլիճներում:
Կա ևս մի կարևոր խնդիր, որի վրա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել: Հիմա շատ կարևոր է նաև լրատվական դաշտի աշխատանքը: Բացարձակ խայտառակություն է. երկրում վերջերս լրատվական դաշտի որոշ գիտակներ ընկած մասոններ կամ այլ դավադիր ուժեր էին փնտրում, այսինքն` ինչ-որ խորամանկ ուժեր, որոնք դավադիր մտքեր ունեն: Ուրեմն, Հայաստանում այդ խորամանկությունը և դավադրությունը կենտրոնացված է լրատվական դաշտի հիմնական կոորդինացիոն կենտրոնում, պետականորեն ստեղծվել է այդպիսի կենտրոն, և այդ կենտրոնն այժմ դիվերսիաներ է կատարում՝ ընդդեմ պետության: Հասել է նրան, որ արտաքին քաղաքական կարևորագույն նպատակներ, ինչպիսին են, օրինակ, տարածաշրջանի խնդիրները, երբ փորձում են բախում առաջացնել, այդ նպատակի համար գտնել զոհերի և այլն, մեր քաղաքացիներին դարձնում են «պեշկա»` այդ անհեթեթ գործառույթներով: Սկսած դրանից` վերջացրած նրանով, ինչ կատարում են քաղաքական դաշտի հանդեպ, անդադար առճակատվող, բզկտող և այլ երևույթներ, կոնտեքստից կտրված բառեր, տեքստեր: Այդպես են անում հատկապես հեռուստաալիքները, որոնց ամբողջովին տնօրինում է այդ կենտրոնը: Սա դիվերսիա է և խայտառակություն, և, եթե մենք փնտրում ենք հատուկ ծառայություններ, մասոններ և այլ տհաճ բաներ, ապա դրանք կենտրոնացված են հենց այդ կենտրոնում:
– Ի դեպ, այս նոր զարգացումներին ՀՀՇ վերջին համագումարում անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանը` նշելով, որ ինքն առայժմ տեսնում է միայն ժողովրդի գործը: Նա համեմատեց 2008 թ. իր գլխավորած ընդդիմության շարժման և այսօրվա շարժման մարտավարությունները և նշեց, որ, ի տարբերություն այսօրվա շարժման ղեկավարների, ինքը 2008 թ. ուներ հստակ ծրագիր` կազմաքանդել պետական մեքենան: «Այո՛, եթե մենք ևս 10-20 օր շարունակեինք, պետական մեքենան փլուզվելու էր»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրած մարտավարություններից ո՞րն եք ավելի արդյունավետ համարում:
– Առավել արդյունավետ է երրորդը, որը կատարվել է 88-ին: Ո՞րն է նրա առանձնահատկությունը. 88-ին իշխանությունը չէր դիտվում որպես թշնամի: Այսօր ստեղծված իրավիճակը երկրում այնպիսին է, որ պետք է կարողանաս ակնհայտ թշնամություն դրսևորել ստեղծված բարքերի նկատմամբ, և ցույց տաս իշխանավորի հանդեպ հետևյալ վերաբերմունքը. քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես մուտք է գործել հանուն իշխանության պայքարի մեջ, ստեղծվում է մի խնդիր, հարցը դրվում է իշխանության լծակները վերցնելու համար, այսինքն` «նրանց ձեռքից ես ուզում եմ վերցնել»: Երբ ժողովուրդն ու մտավորականությունն ամբողջապես է մտնում պայքարի մեջ (այսինքն՝ բնական օրգանիզմը, մտավորականությունը ժողովրդի մտքի ամբողջական գործընթացն է), արդյունքում՝ ամբողջ ժողովրդի միտքը սկսում է աշխատել, իսկ դրա հետ միասին ստեղծագործական աշխատանքը բերում է ներդաշնակության փնտրտուքը, ջերմությունը, ժողովրդի իրական ինքնությունը հայտնաբերելը, և այս ամենն արդեն բերում է հետևյալ հարցադրմանը` «Հայաստանում պե՛տք է ստացվի այս, մենք գնում ենք այս ճանապարհով` սա՛ հաստատելու համար, այս ճանապարհին քաղաքական ուժ ես, իշխանություն ես կամ ինչ ես, կա՛մ սա անում ես, կա՛մ հեռանում ես»: Այսինքն՝ մարդիկ ոչ թե կանգնում են այն փաստի առաջ, որ ես եմ հաղթել ընտրություններում կամ դու, որը բերում է հատվածային պայքարի և բախման, այսինքն՝ այդ պայքարը հանուն իշխանության չէ: Այդ պայքարը պետք է վերածել հանուն Հայաստանի պայքարի:
– Այս առումով հետաքրքիր է, որ, ի տարբերություն նախկինում տեղի ունեցած ընդդիմադիր շարժումների, որոնք ուղեկցվում էին ընդդեմ գործող նախագահի գաղափարով, այս անգամ հրապարակում ավելի շատ վանկարկվում է «մի-ա-ցում» և «Հա-յաս-տան», իսկ ղեկավարները կոչ են անում պայքարելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Փաստորեն, այս նոր շարժման ղեկավարներն ավելի՞ խելոք գտնվեցին:
– Այս ուղղությամբ աշխատում են տարբեր համակարգեր, մենք ունենք և՛ ազգային համակարգեր, և՛ մեզնից դուրս աշխատող համակարգեր, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է պայքարն ավելի արդյունավետ դարձնել: Այս տրամաբանությունը բավական ուժեղացած է, և դա լավ է: Բայց եթե սա կիսատ է թողնվում և չի հասցվում ավարտին, դա անընդունելի է դառնում: Դա արդեն հատվածայնությունն է: Այս իմաստով` Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների պատասխանատվությունը հատուկ է և նույնիսկ տարբերվում է Տեր-Պետրոսյանի պատասխանատվությունից: Ինչպես 2007-08-ին առավել մեծ պատասխանատվությունը Տեր-Պետրոսյանի վրա էր, այսինքն՝ նա էր պատասխանատու, որ բոլորը գան, չնեղանան: Հիմա էլ Րաֆֆիի վրա կա պատասխանատվություն. եթե մեկն էլ այնքան լավ չի արտահայտվել, պարտադիր չէ պատասխանել նրան, ոչինչ, մարդիկ մի բան սխալ են ասել, հետո կհասկանան ու կմիանան: Սակայն սրանով ես չեմ ուզում թուլացնել մյուս ուժերի պատասխանատվությունը, բոլորը պետք է հասկանան, որ պետք է ամբողջական ուժերի գործողություն, ժողովրդի ամբողջականություն, և դա կսկսի աշխատել հանուն Հայաստանի: Իսկ այսօրվա իշխանավորներն արդեն կունենան երկու ճանապարհ` կա՛մ մտնում են օրենքի դաշտ, դադարեցնում են լափը և կատարում են իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները` ամեն մի պետական չինովնիկ` շարքայինից սկսած, Սերժ Սարգսյանով վերջացրած, կա՛մ էլ նրանք պետք է կորցնեն այդ ամենը և, ավելին, կանգնեն դատարանի առաջ:
– Իսկ ովքե՞ր են այդ մտավորականները, որոնց մասին Դուք շեշտում եք:
– Որքան բուհ, գիտահետազոտական ինստիտուտ, վերլուծական կենտրոններ ունենք և մարդիկ, ովքեր ուղղակի մտածող են, բոլորը պետք է մտնեն մտքի տարածք: Իհարկե, իրական մտավորականը նա է, ով դրա հետ միասին՝ նաև խիղճ ունի, այսինքն` արժեհամակարգ, և այլն: Երբ սկսում է աշխատել այդ միտքը, դրան միանում է արժեհամակարգը, զգացմունքները և այլն, դա երկրում ձևավորում է միանգամայն այլ մթնոլորտ, և ժողովուրդը բռնում է սեփական որոշումները կայացնելու և սեփական ուղի փնտրելու ճանապարհը, հակառակ դեպքում՝ դա անում են պետական-իշխանական մարմինները, որոնք գտնվում են արտասահմանյան էական ազդեցության տակ:
– Դուք նույնպես մտավորական եք, պարոն Մանուչարյան, ինչո՞ւ չեք գնում Ազատության հրապարակ և Ձեր խոսքը չեք ուղղում ժողովրդին:
– Մարդ պետք է ընտրի առավել արդյունավետ ճանապարհը` նպատակին հասնելու համար: Այն բոլոր վայրերը, որոնք ես համարում եմ արդյունավետ, բոլոր տեղերում ես լինում եմ, բոլոր տեղերում խոսում եմ, խոսում եմ Ձեզ հետ: Չկա դեպք, որ որևէ լրատվամիջոց ինձ դիմի հարցազրույցի կամ մամլո ասուլիսի համար, և ես մերժեմ: Ես ընտրել եմ այդ ճանապարհը: Ի՞նչ առանձնահատկություն ունի այս ճանապարհը. 2008-ին ինձ դիմեցին, որ ելույթ ունենամ այդ հրապարակում: Եվ ես կազմակերպիչներին ասացի, որ որևէ խնդիր չունեմ ելույթ ունենալու, բայց ես չեմ խոսելու նրանից, թե՝ սա հաղթեց, սա պարտվեց, ես խոսելու եմ, թե ինչպիսի՞ն է հայը, ինչպիսի՞ն է Հայաստանը, ինչպիսի՞ն է մեր պատկերացումը երկրի, աշխարհի և այլնի մասին, և ի՞նչ ուղիով պետք է գնանք: Ասացի.«Սա ուժեղացնելու է ձեր պայքարը նաև այն մասնավոր նպատակների համար, որը դուք վարում եք, եթե ընդունելի է՝ ես կգամ, կխոսեմ»: Դրանից հետո ինձ այլևս ոչ ոք չդիմեց: Իմ մոտեցումները բոլորին հայտնի է, ես չեմ ուզում որևէ մեկին խանգարել. եթե այս ուղին, որը նշեցի, մարդկանց համար ընդունելի կլինի, վաղ թե ուշ կգանք ընդհանուր եզրակացության:
– Բայց Դուք հոգով միացած եք ժողովրդի շարժմանը, այդպե՞ս է:
– Ես մի՛շտ սպասարկում եմ մեր ընդվզող ժողովրդի ընդվզումը, որը կապված է նրա իրական էության հաստատման, իրական անկախության և ազատության ձեռքբերման հետ` անկախ նրանից, թե ի՞նչ առաջացրեց այդ ընդվզումը: Այստեղ ուրիշ հարց կա. լինում է այնպես, որ ընդվզում առաջացնողները գնում են այդ ճանապարհով, իսկ լինում է, որ այդպես չի լինում:
– Ի վերջո, այս շարժման վերջնական նպատակն իշխանափոխությունն է: Կարծում եք, որ այս իշխանությունն ունա՞կ է այդքան հեշտ հեռանալու:
– Հայաստանում որևէ մեկն ունակ չէ հեշտ հեռանալու, որովհետև վերջին 20 տարիներին մենք ընդունեցինք, որ մարդն աշխարհ է գալիս փող ստանալու և այդ փողով հաճույք ստանալու համար, և ով փող է ստանում, և մյուսը գալիս-ասում է` «իջի՛ր, հերիք է գռփես», նա էլ պատասխանում է`«հաստատ էկել ես` իմ տեղը դու գռփես»: Քանի որ դա է միտքը, այդ պատճառով հեշտ չեն հանձնում, բայց եթե այսօր իշխանափոխության հարցը դրվում է ոչ թե հետևյալ կերպ` «ազնիվ խոսք, ես ավելի ազնիվ եմ լինելու», իսկ հետո լինում է այն, ինչ եղել է միշտ, ապա բոլորն իրավացի են. և՛ նրանք, ովքեր ուզում են իրենցը պոկել, և՛ նրանք, ովքեր իրենցը չեն ուզում տալ, ինչի արդյունքում՝ նորից բզկտվում է հասարակությունը: Բազմաթիվ անգամ կրկնել եմ` իրական իշխանությունը ոչ թե այն է, որ գտնվում է նախագահական կամ կառավարության պալատներում, այլ այն արժեհամակարգն է, որը հաստատված է երկրում: Իշխում են արժեքները, նրանք են ստիպում մարդկանց լինել այնպիսին, ինչպիսին իրենք կան: Քանի որ այժմ փողն է արժեքը, ամեն նախագահ, նախարար, և այլն, պետք է գռփի, եթե ուրիշ բան է անում, ինքն ապուշ է, հոգեկան հիվանդ, իրեն պետք է տանել բուժել: Եթե ուրիշ արժեհամակարգ ենք ընդունում, առաջին հերթին` շարքային քաղաքացիները, մտավորականությունը, նրանք, ովքեր իրական ընտրանի են, ասում են ժողովրդին` «ժողովո՛ւրդ, մենք շեղվել ենք», ժողովուրդն էլ ամբողջությամբ պատասխանում է` «այո՛, սա է արժեհամակարգը»: Այդ դեպքում տեղի է ունենում իրական իշխանափոխություն, և մնացած ամենը գալիս է համապատասխանության, դրանից հետո բոլորը կա՛մ ապրում են այդ կարգով, կա՛մ ստիպված հեռանում են, որովհետև կյանքն իրենց շատ արագ հեռացնում է: