
Էգեյան ծովում միջադեպ է գրանցվել Թուրքիայի ռազմածովային ուժերի զորավարժության ժամանակ

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի կողմից անցկացվող Beyaz Fırtına-2014 («Սպիտակ Փոթորիկ-2014») զորավարժությունների ժամանակ միջադեպ է գրանցվել Հունաստանի Առափնյա պաշտպանության մոտորանավակների հետ:
Թուրքիայից ոչ հեռու ընկած հունական Քոս (թուրքական անվանումը՝ Իսթանքյոյ) կղզու առափնյա պաշտպանության մոտորանավակը բավական շատ (մոտ 100 մետր հեռավորության վրա) է մոտեցել զորավարժություններին մասնակցող թուրքական ռազմանավին, ինչն էլ խանգարել է նրա մանևրմանը: Դրանից հետո հունական նավը հեռացել է դեպի Քոս կղզի, իսկ թուրքական նավը վերադարձել է Բոդրում:
Beyaz Fırtına-2014 զորավարժություններին մասնակցում է 53 նավ, 4 պարեկային ինքնաթիռ, ռազմածովային ավիացիայի 13 ուղղաթիռ, առափնյա պաշտպանության 17 պարեկային մոտորանավակ: