
«Գազպրոմը» գազամատակարարման համար Չինաստանից կստանա 25 միլիարդ դոլարի կանխավճար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» գազի մատակարարումների համար Չինաստանից կստանա 25 միլիարդ դոլարի կանխավճար: Ռուսական ընկերությունը տվյալ հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Չինաստանի հետ:
Այս մասին Սանկ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը: «Գազպրոմը» և չինական CNPC ազգային նավթագազյին կորպորացիան մայիսի 21-ին համաձայնագիր են ստորագրել 30 տարով արևելյան երթուղով բնական գազ մատակարարելու մասին:
Մատակարարման տարեկան ծավալը կազմելու է 38 միլիարդ խորանարդ մետր: Գազը Չինաստան կհասցվի արևելյան երթուղով՝ «Սիբիրի ուժը» գազատարով: Գործարքի ընդհանուր չափը կազմել է 400 միլիարդ դոլար: Մեդվեդևն ընդգծել է, որ Չինաստանին մատակարարվող գազի գինը բարձր է լինելու 1000 խորանարդ մետրի համար 350 դոլարից: