Մամիկոն Խոջոյանի մահվան հանգամանքները կհրապարակվեն իրավապահների ուսումնասիրությունից հետո. «Փաստինֆո»
Կառավարության նիստի ավարտին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանել է ադրբեջանական գերությունից խոշտանգված վերադարձած, մայիսի 20-ին մահացած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մահվան հանգամանքներին, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
«Խոշտանգումների փաստը հանրահայտ է, բերել են բազկի բազմաբեկոր վասվածքով, վիրահատվել է, ապրիլի 3-ին դուրս է գրվել, դրանից հետո եղել է հսկողության ներքո»,- հիշեցրել է նախարարը՝ հավելելով, որ վերջին 3 շաբաթվա ընթացքում նրան 3 անգամ այցելել է 3 մասնագետներից բաղկացած բժիշկների խումբը` նյարդաբան-հոգեբույժ, թերապևտ, վիրաբույժ: Միաժամանակ, հիվանդին ամեն օր այցելել է բուժքույրը:
«Առաջարկ է եղել հիվանդանոց տեղափոխել, որից հարազատները հրաժարվել են: Ամսի 20-ին՝ ժամը 19:15-ին, եղել է զանգ հարազատների կողմից: «Շտապ օգնությունը», չնայած 12 կմ հեռավորությանը, Բերդի բուժհիմնարկից մինչև Վերին Կարմիրաղբյուր գյուղ 15 րոպեի ընթացքում եղել են նրա կողքին, սակայն Խոջոյանն արդեն մահացած է եղել»:
Ինչ վերաբերում է մահվան հանգամանքներին, լրագրողների հիշեցմանը, թե հարազատները պնդում, են, որ Մամիկոն Խոջոյանի արյան մեջ Ադրբեջանում նավթ են ներարկել, Արմեն Մուրադյանը խոստացավ այդ փաստին անդրադառնալ դիահերձման արդյունքներն ունենալուց հետո: «Պաշտոնապես կհրապարակվեն բոլոր նյութերը, երբ որ արդեն իրավապահ մարմինները եզրահանգումներ կանեն»,- ասել է նախարարը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: