Ադրբեջանի կառավարությունը պետք է Իլգար Մամեդովին վճարի 22.000 եվրո փոխհատուցում. ՄԻԵԴ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր կայացրել է REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործով որոշումը: Դրա համաձայն, Ադրբեջանի դատավորները խախտել են Իլգար Մամեդովի իրավունքները:
Խոսքը գնում է Մարդու իրավունքների կոնվեցիայի 5.1 և 5.4 հոդվածների (ազատության իրավունք), 6.2 հոդվածի (անմեղության կանխավարկած) և 18-րդ հոդվածի (ազատության անհիմն սահմանափակում) խախտման մասին: Դրա հետ կապված՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է Մամեդովին վճարի 22.000 եվրո փոխհատուցում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 17-ին ծանր հանցագործությունները քննող ադրբեջանական դատարանն Իլգար Մամեդովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ 2013 թվականի հունվարի 23-24-ին Իսմայիլի քաղաքում գրանցված «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար: Դատարանը տվյալ գործով տարբեր ժամկետներով ազատազրկման էր դատապարտել ևս 17 մարդու: