Երբեք չէի կարծի՝ դասագրքերում կգրեն, որ Ադրբեջանում մուսուլմանների՝ շիաների ու սուննիների բաժանման մեղավորները հայերն են. Լեյլա Յունուս
REX լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը պատասխանել է ռուսերենով խոսելու հետ կապված իրեն քննադատողներին, որոնք նրան մեղադրում են «մաքուր ադրբեջանցի» չլինելու, «հայրենիքի դավաճան ու թշնամի», «ռուսալեզու խառնածին» լինելու մեջ.
«Այո՛, ես հասարակական գործիչ եմ, մշտապես խոսել և խոսում եմ ռուսերեն, և դա անում եմ կատարելապես գիտակցաբար: ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ ես եղել եմ միակ կինը Ադրբեջանի ժողովրդական ճակատի խորհրդում: Ոչ վաղ անցյալում պատգամավորներից մեկն առաջարկեց Ադրբեջանում փակել ռուսական բոլոր դպրոցներն ու արգելել այդ լեզվով ուսուցումը:
Տարվա ընթացքում ես մի քանի քանի անգամ լրագրողներին ասում են նույնը, որ Ադրբեջանում ռուսերենը նման է այգում տնկած հին, մեծ խնձորենու, որը հրաշալի պտուղներ է տվել արդեն բազում տասնամյակներ: Անգլերենն ու ֆրանսերենը երիտասարդ տնկիներ են, որոնց նոր են տնկել, և մինչ դրանք կսկսեն պտուղներ տալ, կանցնեն տասնամյակներ:
Եվ այսօր կտրելով հին խնձորենին՝ դուք ձեր երեխաներին զրկում եք լայն աշխարհ դուրս գալուց: Հենց ռուսերենն է մեզ համար բացահայտել ոչ միայն Դոստոևսկուն ու Տոլստոյին, այլև՝ Հոմերոսին, Ռեմարկին, Զոլյային:
Երիտասարդ սերնդի անգլերենի իմացության մակարդակը նրան հնարավորություն չի տալիս ընթերցել Դիքքենսի ու Գոլսուորսիի ստեղծագործությունները: Երիտասարդներին զրկելով ռուսերենից՝ մենք նրանց դատապարտում ենք տգիտության (անտեղյակության):
Ես նաև հրապարակավ քննադատում եմ պատմության դպրոցական դասագրքերի հեղինակներին, որոնցում երեխաներին՝ 10 տարեկանից սկսած, ներշնչում են, որ Ադրբեջանի ժողովրդի թշնամիները քրիստոնյաներն են, իսկ հայերին անվանում են «սևազգեստ անհավատներ»:
Ես՝ որպես պատմական գիտությունների դոկտոր, երբեք չէի կարծի, որ պատմության դպրոցական դասագրքերում կգրվի, որ Ադրբեջանում մուսուլմանների՝ շիաների ու սուննիների բաժանման մեղավորները հենց քրիստոնյաներն են և բնականաբար հայերը»: