Բաժիններ՝

ԲՀԿ-ն չի մասնակցի ԿԲ նախագահի թեկնածության քվեարկությանը

«Սոցիալական հարցումները վկայում են, որ ի թիվս կոռուպցիայի, գործազրկության, արդարադատության համակարգից տոտալ բողոքների՝ մեծ թիվ է կազմում նաև այն մարդկանց թիվը, որ բողոքում են բանկային համակարգից, վարկային տոկոսներից, էլ չասեմ, թե քանի տնտեսություն է այսօր կքած վարկերի տակ ու նրանք, չկարողանալով վարկերը մարել, բռնում են արտագաղթի ճանապարհը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ մարդիկ ստիպված գրավ են դնում անշարժ գույքը, որովհետև չեն կարողանում վարկերի տոկոսները մարել: Զոհրաբյանը նշեց, որ այսօր ունենք վարկերի 98% վերադարձելիություն, այսինքն՝ ռիսկայնության գործոնը նվազել է: Այդ դեպքում, հարցարդում արեց պատգամավորը, ո՞րն է պատճառը, որ ՓՄՁ-ներին վարկերը անտրամաբանական բարձր տոկոսներով են հասնում, ինչպե՞ս կարող է, որ կայուն զարգացած համակարգի դեպքում ունենք օրեցօր փլուզվող տնտեսություն: Զոհրաբյանը նշեց, որ դժվար է չհամաձայնել այն վերլուծաբանների հետ, որոնք պնդում են, որ բանկային համակարգն աշխատում է լոմբարդի, այսինքն՝ վաշխառուական քաղաքականությամբ:

Ն.Զոհրաբյանը հայտնեց, որ վարկային տոկոսների միասնական շեմ սահամնելու նախագիծ է մշակվում, որ խաղի կանոնները հստակ լինեն և տարբեր տոկոսավճարներ ու թեյավճարներ չավելանան վարկին:

«Ձեր անձի դեմ ոչինչ չունենալով, ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել և քվեարկությանը չի մասնակցի»,- ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ հայտարարեց Ն.Զոհրաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս