Օլիգարխների եւ շահերի բախման արանքում. Ըստ վերլուծաբանների, Հովիկ Աբրահամյանը ժամանակ է ձգում. medialab.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ինքն էլ ստվերում աշխատող խոշոր գործարար է, փորձելու է ընդհանուր հայտարարի գալ գործարարների հետ: Անդրադառնալով Հովիկ Աբահամյանի եւ խոշոր գործարարների հանդիպմանը, «Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Ըստ նրա, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, տիրապետելով գործարարների խնդիրներին, Հովիկ Արահամյանը փորձելու է նոր խաղի կանոններով աշխատել՝ մի կողմից չճզմել գործարարներին, մյուս կողմից՝ բյուջեի միջոցների հավաքագրումն ապահովել:
«Նոր վարչապետը գիտակցելով, որ եթե բան չփոխի` դառնալու է Տիգրան Սարգսյան, փորձելու է գործարարների հետ ընդհանուր հայտարարի գալ»,- ասում է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում փակ քննարկում է ունեցել խոշոր հարկատու գործարարների հետ: Կառավարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հովիկ Աբրահամյանը կարևորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հաայաստանի տնտեսական զարգացման գործում:
«Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում», – նշել է Աբրահամյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, վարչապետը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի «լայն շրջանակ»:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն: Հանդիպումից հետո գործարար աշխարհի ներկայացուցիչները հիմնականում խուսափել են ԶԼՄ-ների հետ շփումներից: «Ազատության» փոխանցմամբ, գործարարները կառավարությունից հիմնականում մի բան են պահանջել՝ հավասար պայմաններ բոլորի համար։
Երվանդ Բոզոյանի խոսքով, հավասար դաշտի ստեղծման մասին հեքիաթները մշտապես եղել են, բայց իրականում որեւէ բան չի փոխվել: Ըստ նրա, իրականությունն այն է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետը կառավարման վեց տարիների ընթացքում իր հակաստվերային քաղաքականությամբ ոչնչացրել է գործարար խավը:
«Գործարար խավի մի զգալի մասը, որը մինչեւ Տիգրան Սարգսյանի ի հայտ գալն ու մինչեւ 2008 թվականը ստվերի հաշվին կարողանում էր մրցունակ էկոնոմիկա ներկայացնել, ստվերից դուրս եկավ ու սննկացավ, որովհետեւ անմրցունակ դարձավ: Մի մասը փախավ Հայաստանից, մյուսը՝ կլանվեց իշխանությանը մոտ կանգնած բիզնեսի կողմից, արդյունքում բիզնես միջավայը դարձել է անտանելի, մոնոպոլիան մեծացել է, որովհետեւ բիզնեսների քանակն է կրճատվել: Ստվերային տնտեսության դեմ հաջող պայքարի արդյունքում Հայստանում փոքր եւ միջին բիզնեսը ոչնչացված է»,-«Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: