Բաժիններ՝

«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր

«Արզական–Քանաքեռ–Զովունի» ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից, պարզաբանելով, որ ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։

«Այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։ Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 23/24-ին Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցի խախտումներով։

«Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 23-ին խոշոր վթար էր գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Ընկերությունը վթարի վերացման հետևանքով հայտարարել էր ջրանջատում՝ մեկտեղ ընդգծելով, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։

Երևանի մի շարք համայնքների բնակիչներ համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են տարածում՝ ցույց տալով իրենց ծորակից հոսող պղտոր ջուրը՝ մեղադրելով այդ ամենի մեջ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930