Անլուրջ է՝ իշխանությունը թող զեկույց հրապարակի իր ձախողումների մասին, եկեղեցուն հանգիստ թողնի. Տեր Վրթանես քահանա Բաղալյան
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը (ինչպես հաճախ անվանում են «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը,- Զ․Խ.) պատրաստել ու հրապարակել է հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Զեկույցը կազմված է 74 էջից, վերնագրվել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույց։
Ինչպես նախաբանից առաջ է նշված՝ «զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ»։
Զեկույցի սկզբում «նկարագրվում են» եկեղեցում ստեղծված «ճգնաժամի» դրսևորումները։ Ամենայն Հայոց կաթողիկոսին (որին զեկույցում եկեղեցու պետ են անվանում, որոշ տեղերում՝ չկաթողիկոս,- Զ․Խ.) և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրում են ոչ միայն կուսակրոնության ուխտը խախտելու, քաղաքական գործունեություն ծավալելու, եկեղեցապատկան գույքը ոչ նպատակային օգտագործելու, ֆինանսական ոչ թափանցիկ գործունեության և այլնի մեջ։
«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինստիտուտները՝ թեմական կառույցները, եկեղեցական տարածքները, ծխական ցանցը, մեդիառեսուրսներն ու կաթողիկոսի աթոռի հեղինակությունը, ՀԱՍԵ փաստացի պետի և նրա ընտանիքի անդամների ջանքերով փոխակերպվել են Հայաստանի Հանրապետությունում արտաքին ազդեցության ներազդման գործիքների»,- նշվում է զեկույցում։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի բնորոշմամբ՝ նման զեկույցն ուղղակի անլուրջ քայլ է։
«Սա անլուրջ մոտեցում է, որովհետև պետության ղեկավարը թող նախ մտածի պետական հիմնարկների մասին։ Արդեն 8 տարի է՝ պետություն է ղեկավարում, բայց բոլոր ոլորտներում ձախողել է՝ սկսած անասնապահության ոլորտից՝ մինչև անվտանգություն ու տնտեսություն։ Բոլոր այն ոլորտները, որոնք վստահված են իրեն՝ ձախողել է, տեսեք արտահանման, ջերմոցային տնտեսությունների, գյուղատնտեսության վիճակը։ Իր կառավարման օրոք է մեր անվտանգային բալանսը խախտվել։ Ու այսքանից հետո, հանկարծ այս մարդը զեկույց է հրապարակում Առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ, դրա համար անլուրջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Հոգևորականն առաջարկում է, որպեսզի իշխանությունը զեկույց պատրաստի սեփական ձոխողումների մասին՝ պաշտպանության, առողջապահության, կրթության ոլորտներում։
«Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք զարգացել է տգիտությունը և Հայաստանը հայտնվել է կրթական ոլորտի ամենավերջին հորիզոնականում։ Այդ մարդը լուրջ չէ, եկեղեցու մասին զեկույց կարող ենք պատրաստել միայն մենք՝ հոգևորականներս։ Առաքելական Սուրբ եկեղեցին, հակառակ իշխանությունների կողմից ստեղծված լուրջ խոչընդոտների, զարգանում է։ Մարդիկ սկսել են ավելի հաճախ այցելել եկեղեցի, գործող եկեղեցիների քանակն է ավելացել, եկեղեցիների վերանորոգումներն է ավելացել։ Եկեղեցին բնականոն գործում է, իսկ իշխանությունների այս քայլերը խոսում են այն մասին, որ նպատակ ունեն կազմաքանդելու Առաքելական Սուրբ եկեղեցին, ինչպես կազմաքանդել են մյուս ոլորտները»,- հավելեց հոգևորականը։
Նա նաև հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը չունի նույնիսկ բարձրագույն կրթություն, պետության կառավարումը տապալել է, իսկ վերջին ընտրություններն ապացուցեցին, որ վարչական ռեսուրսով և «ընտրաթոշակով» չկարողացավ նույնիսկ հասարակության 50 տոկոսի ձայնը ստանալ։
«Սա հստակ խոսում է այն մասին, որ հասարակության մեծամասնությունն այս իշխանությանը որևէ բան անելու մանդատ չի տվել։ Թող իրենց ձախողած ոլորտների աշխատանքը վերանայեն ու եկեղեցուն հանգիստ թողնեն՝ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու պահեն եկեղեցուց»,- ընդգծեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր տված հարզացրույցներից մեկում չէր բացառել, որ ԱԺ-ում կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել՝ Առաքելական եկեղեցու վերաբերյալ։
«Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն իմ հանձնարարությամբ պատրաստել է զեկույց՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա լուծման ուղիների վերաբերյալ։ Իրավիճակը, որը մենք ունենք այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում, պարզապես սարսափելի է, որովհետև մեր եկեղեցին բռնազավթված է։
Խնդիրը պետք է լուծվի, այդ թվում՝ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Հարցը նախնական քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, և չի բացառվել, որ զեկույցի հրապարակումից հետո Ազգային ժողովում կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

