Մենք պետք է պատրաստ լինենք երկրորդ փուլին` պայքարելու համար. Արծվիկ Մինասյանը՝ պարտադիրի մասին
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի քննարկումը: Նախքան օրակարգին անցնելը, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը չի մասնակցում միջազգային ֆորումին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այսուհետ քառօրյան ապահովելու հետ կապված շատ բացառիկ դեպքերում հնարավոր կլինի, որ պատգամավորները գնան ֆորումների:
ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախորդ քառօրյայում ներկայացված օրինագիծն ընդամենը ժամանակ շահելու համար էր բերվել և ոչ թե փարատելու ամբողջ մտահոգությունները: Ըստ նրա` այս ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել և այսօր ԱԺ է ներկայացվել մեկ այլ նախագիծ:
«Ձեզ բաժանված նախագծում նշվում է, որ վարձու աշխատող և պայմանագրային եկամուտներ ստացող մարդկանցից կուտակային վճարներ չի հաշվարկվում, եթե աշխատողը ներկայացնում է դիմում»,- ասաց Հովհաննիսյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ կառավարության կողմից ներկայացվել է օրինագծի լրացված տարբերակը, մասնավորապես, նախագծում նախաբան է ավելացվել, որով փորձել են ձևակերպել, թե ՍԴ որոշումից հետո այս փուլում ինչ հիմնական նպատակ է հետապնդում` ապահովել գործատուների, քաղաքացիների իրավունքները: Նա նշեց, որ պատասխանատվության միջոցներ նախատեսող հոդվածը չի հետաձգվում մինչև սեպտեմբերի 30-ը, այլ պարազապես ուժը կորցրած է ճանաչվում:
«Կառավարության առաջարկով` եթե քաղաքացին տալիս է դիմում, չի հաշվարկվում պարտադիր վճարը: Բայց քառյակի պահանջն էր` քաղաքացին դիմում ներկայացնի մասնակցելու կուտակայինին և ոչ թե հրաժարվելու դիմում ներկայացնի: Ամեն դեպքում կառավարության այս առաջարկն էլ, որ հաշվի է առնում քաղաքացու կամարտահայտությունը, դրական քայլ է»,- ասաց Ա.Մինասյանը:
Նա նշեց, որ կառավարությունն առաջարկել է նոր իրավակարգավորում` պետական բյուջեից հատկացումների մասին, ինչն էական նշանակություն ունի և ՀՅԴ խմբակցությունը կարծում է, որ դրա կարիքը չկա, բայց եթե կառավարությունը գտնում է, որ պետբյուջեի մասնակցությունը կօգնի, կարող է մնալ: Մինասյանը պնդեց, որ կառավարության կողմից պետք է հստակ հայտարարվի, որ որևէ ձևով մտադիր չեն պարտադիրը պահելու քաղաքականությունը, և որևէ ձևով քաղաքացու պարտավորություն չի դիտարկվում: Ըստ պատգամավորի` անցումային դրույթում սահմանվել է, որ օրենքի կամահայտնության սկզբունքը հունվարի 1-ից է ուժի մեջ մտնում, այսինքն` հետադարձ ուժ ունի:
«Պարտադիր կուտակային համակարգը չկա: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ՍԴ համաձայն, ցանկացած նոր օրենսդրություն չի կարող իր մեջ պարունակել ՍԴ որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի գործունեությունը: Սա նշանակում է, որևէ օրենքով չի կարող առանց քաղաքացու համաձայնության վճարներ փոխանցվել որևէ ֆոնդի: Այս քայլը նույնպես համարում ենք դրական առաջընթաց այն կարծր կեցվածքից, որ ցուցադրվում էր: Եվ մեր խմբակցությունը չի կարող դեմ լինել օրինագծին»,- ասաց Ա.Մինասյանը:
Անդրադառնալով միջազգային կառույցների դիրքորոշումներին` Մինասյանը նշեց, որ ԱՄՀ-ն և ՀԲ-ն փորձում են շարունակել կուտակային բաղադրիչը. «Մենք չպետք է մեր ինքնորոշման իրավունքը զիջենք միջազգային կառույցներին: ՀԲ և ԱՄՀ-ն տարիներ առաջ շատ հստակ էին ասում, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը չի կարող ՀՀ-ում գործել, որովհետև ՀՀ-ում չկա արժեթղթերի զարգացած շուկա: Մենք պետք է պատրաստ լինենք երկրորդ փուլին` պայքարելու համար»: