Բաժիններ՝

Գողացել են ոստիկանությանը հատկացված մեքենան, ներկել սև գույնի, և կապոտին գրել «LOVE»

Երևանի երկու բնակիչներ մեղավոր են ճանաչվել գողության մեջ և առաջաին ատյանի դատարանի վճռով դատապարտվել տուգանքի:

Երևանցի 17-ամյա երիտասարդին նախաքննության ընթացքում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով 20-ամյա երիտասարդի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Երևանի Ռուբինյանց փողոցի 16/1 շենքի բակից գաղտնի հափշտակել են ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՔՀԲ-ին հատկացված խոշոր չափի՝ 663.500 դրամ արժողությամբ «Դաևո-Տիկո» մակնիշի ավտոմեքենան: Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ 18-ամյա տղան առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և հրաժարվել ցուցմունք տալուց:

Ըստ դատարանի՝ նախաքննության ընթացքում ևս երիտասարդն իրեն մեղավոր էր ճանաչել և ցուցմունք տվել, որ 2013թ. դեկտեմբեր ամսվա վերջերին, Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցով անցնելիս, նկատել է այդ փողոցի 16/1 շենքի բակում կայանված սպիտակ գույնի «Դաևո-Տիկո» մակնիշի ավտոմեքենա:

Այդ մեքենան իրեն հետաքրքրել է, քանի որ ինքն ու իր 20-ամյա փեսանցանկացել են «փակովի» պայմանով ավտոմեքենա գնել: Ըստ երիտասարդի ցուցմունքի՝ ինքը մոտեցել է մեքենային ու սկսել հարցուփորձ անել այնտեղ գտնվող մարդկանց, ճշտելու համար, թե այդ մեքենան ում է պատկանում և վաճառվում է արդյոք այն, թե` ոչ, սակայն հարցվածներից ոչ ոք չի ճանաչել մեքենայի տիրոջը:

Ըստ դատարանի վճռի՝ երիտասարդը նախաքննության ընթացքում ասել է, որ մեքենայի մասին հայտնել է իր փեսային և նրա հետ կրկին գնացել ու փորձել են ճշտել, թե ում է պատկանում այդ մեքնենան, սակայն ոչինչ այդպես էլ չեն կարողացել պարզել:

Ապա, ինքն ու փեսան որոշել են այդ մեքենան գողանալ, միասին գնացել են Ռուբինյանց 16/1 շենքի բակ, մոտեցել են ավտոմեքենային, որի աջ կողմի դռները բաց են եղել, բացել են մեքենայի դուռը ու նստել, որից հետո պտուտակահանով կոտրել են ավտոմեքենայի ղեկի փականը, որպեսզի կարողանան ղեկը պտտեցնել:

Դրանից հետո փորձել են հրելով ավտոմեքենան դուրս բերել շենքի բակից, սակայն չեն կարողացել մեքենան տեղից շարժել: Ըստ երիտասարդի ցուցմունքի՝ քանի որ ուշ ժամ է եղել ու չեն կարողացել որևէ մեկի կանչել օգնության, գնացել են իրենց տուն ու մորն ասել են, որ «փակովի» պայմանով մեքենա են գնել, որը սակայն չի աշխատում ու խնդրել են, որ մայրը գա ու իրենց օգնի հրել մեքենան:

Մայրը սկզբում չի համաձայնել, ինքն ասել է, որ մեքնենան անտեր է ու շատ համոզելուց հետո վերջինս մի կերպ համաձայնել է: Ըստ դատարանի՝ երիտասարդը նախաքննության ընթացքում պատմել է, որ երեքով գնացել են Ռուբինյանց 16/1 շենքի բակ, սակայն կրկին չեն կարողացել մեքենան տեղից շարժել, որից հետո այդ մեքենայի մեջ եղած պարանն ամրացրել են մեքենայի առջևի մասից:

Այնուհետև, ինքն ու փեսան պատահական տաքսի ավտոմեքենա են կանգնեցրել, որի վարորդին խնդրել են քաշելով տանել ավտոմեքենան: Տաքսու վարորդը համաձայնել է, ավտոմեքենայի առջևի մասից ամրացված պարանը կապել են տաքսու ետնամասից ու այդպես մեքենան քաշելով հասել են Կոմիտասի «Երևան Սիթի» խանութի մոտ: Տաքսու վարորդին վճարել են 2000 դրամ, որից հետո վերջինս հեռացել է: Այդտեղից իրենք մեքենան հրելով տարել ու կանգնեցրել են իրենց տան բակում: Երիտասարդը պատմել է, որ առավոտյան այդ ավտոմեքենայի վրայից հանել է դրա էլեկտրական մարտկոցը և ձայնարկիչը ու տարել տուն, որպեսզի դրանք լիցքավորեն:

Այդ ժամանակ ինքն ու փեսան մեքենայի ետևի նստատեղի մոտ տեսել են ոստիկանության ծառայողի համազգեստի գլխարկ: Դա տեսնելով՝ վախեցել են ու մտածել, որ գողացված մեքենան կարող է պատկանել ոստիկանության աշխատակցի:

Որոշել են ավտոմեքենայի գույնը փոխել, որպեսզի չբռնվեն ոստիկանության աշխատակիցների կողմից: Այդ ժամանակ գնացել ու մորից գումար են խնդրել մեքենան ներկելու համար ու միաժամանակ ասել են, որ նշված մեքենան գողացել են, ինչի մասին նախկինում նրան չէին ասել: Վերջինիս տված գումարով ավտոպահեստամասերի խանութից սև և կանաչ գույնի ներկ են գնել ու դրանցով մեքենան ներկել սև գույնի:

Մեքենայի դռներին կանաչ գույնով կատարել են «ARMENIA», իսկ շարժիչի ծածկոցին` «LOVE» գրառումները: Ըստ երիտասարդի ցուցմունքի՝ այդ օրը իրենց տուն են եկել ոստիկանության աշխատակիցներն ու իրենց բերման ենթարկել ոստիկանություն: Գործով մյուս ամբաստանյալը ևս նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել և տվել նույնաբովանդակ ցուցմունքներ:

Դատարանը գտել է, որ երկու ամբաստանյալներն էլ կատարել են հանցանք, որի համար ենթակա են քրեական պատասխանատվության:

17-ամյա երիտասարդի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնել ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, անձի այլ առանձնահատկությունները` ամբաստանյալը դաստիարակվել է երկու ծնողների կողմից, բնակվում է հոր, մոր և երկու փոքր քույրերի հետ, հանդիսանում է ընտանիքի ավագ զավակը, իննամյա կրթությամբ, սովորել է Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) դպրոցում, դպրոցում սովորել է ցածր առաջադիմությամբ, 2008թ. նրա մոտ ախտորոշվել է «չափավոր մտավոր հետամնացություն, վարքի փոփոխություններով» և սահմանվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ, ՀՀ ԱՆ«Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայում և ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ում հաշվառված չէ, նախկինում դատված ու արատավորված չի եղել:

Որպես նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում հանցանք կատարելու և պատիժ նշանակելու պահին նրա անչափահաս լինելը,ինչպես նաև այն, որ ամբաստանյալն առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ է կատարել միջին ծանրության հանցանքը և աջակցել է հանցագործությունը բացահայտելուն:

17-ամյա ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատանանը չի հայտնաբերել:

20-ամյա ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնել ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները` այն, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատված ու արատավորված չի եղել:

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը դիտել է այն, որ ամբաստանյալն առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ է կատարել միջին ծանրության հանցանքը և աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի հայտնաբերել: Երկու ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել և դատապարտվել 500 հազար դրամ տուգանքի: Նշենք, որ առաջաին ատյանի դատարանի այդ վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս