
Բոլոր սիրիացիները պետք է իմանան, որ Թուրքիան կանգնած է Սիրիայի ժողովրդի կողքին. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի թուրքմենների հավաքի ժամանակ հայտարարել է, որ բոլոր սիրիացիները պետք է իմանան, որ Թուրքիան «կանգնած է» Սիրիայի ժողովրդի կողքին:
Դավութօղլուն դատապարտել է Սիրիայի վարչակարգի գործողությունները` ընդգծելով, որ «դրա հետևանքով» Սիրիայից փախել է 3.5 միլիոն մարդ (փախստական), իսկ երկրում ներքին տեղահանվածների քանակը հասել է 6.5 միլիոնի:
Նա ընդգծել է, որ Սիրիայի վարչակարգը թույլ չի տալիս, որ «մարդասիրական օգնություն տանող» բեռնատարները մուտք գործեն երկիր` մանրամասնելով, որ ցայժմ միայն 78 բեռնատարի է հաջողվել մտնել Սիրիա:
Դավութօղլուն հայտարարել է, որ պետք է պատժվեն Սիրիայում քիմիական զենք կիրառածները, «Ժնև 2»-ին ոչ ասողները: ՄԱԿ ԱԽ-ին Սիրիայի հարցում մեղադրելով անգործության ու լռություն պահպանելու մեջ` Դավութօղլուն չի բացառել, որ ՄԱԿ-ի մեկ այլ գլխավոր քարտուղար ներողություն կխնդրի Սիրիայի ժողովրդից, ինչպես որ եղել է Բոսնիայի պարագայում:
Հիշեցնենք, որ հանրահայտ լրագրող Սեյմուր Հերշը մոտ մեկ ամիս առաջ գրել էր, որ Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման հետևում կարող է կանգնած լինել Էրդողանի կառավարությունը: