Սիրիական ավիացիան հարվածել է Հալեպի ուղղությամբ շարժվող թուրքական բեռնատարներին
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Սիրիայում զինված հարձակման է ենթարկվել թուրքական Մարդու իրավունքների ու ազատությունների հիմնադրամի (IHH) բեռնատարներին շարասյունը, որը մարդասիրական օգնություն (ալյուր) էր հասցնում Հալեպին:
Սիրիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել թուրքական ավտոշարասյանը, երբ դրանք փորձել են մուտք գործել Հալեպ: Հարվածի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել է 2 մարդ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի փետրվարին Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերն Ադանայում խուզարկեցին Սիրիա մեկնող և թուրքմեններին «հումանիտար օգնություն» տեղափոխող բեռնատարը և պարզեցին, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) դրանով զենք էր տեղափոխում հարևան երկիր, ինչը սկանդալի առաջացման պատճառ հանդիսացավ: Այժմ MIT-ի բեռնատարը կանգեցրած Ժանդարմերիայի այդ աշխատակիցներին սպառնում է ցմահ ազատազրկում:
2013 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի համաշխարհային առևտրի (U.N. Comtrade) տվյալները վկայեցին, որ Թուրքիան նույն թվականի հունիսից Սիրիայի ապստամբներին հատկացրել է 47 տոննա զենք: Խոշորագույն խմբաքանակն ուղարկվել է սեպտեմբերին և կազմել է գրեթե 29 տոննա:
Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն նախ հերքեց այդ թվերը, սակայն ավելի ուշ թուրքական Hürriyet թերթին տված հարազրույցում հաստատեց, որ ՄԱԿ-ի տվյալները հենված են Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TÜİK) տեղեկատվության վրա: Գյումրուքչուի խոսքերով՝ դա «եղել» է այնպիսի զենք (որսորդական հրացաններ), որը «նախատեսված չի եղել» ռազմական նպատակներով օգտագործելու համար:
Ի դեպ, 2010 թվականի մայիսին էլ նույն IHH-ը նույնպիսի «մարդասիրական օգնություն» էր փորձում հասցնել Գազայի հատված, սակայն իսրայելական կողմը թույլ չտվեց դա («Մավի Մարմարայի» միջադեպ):